«Շինհրապարակի վերածվող Հայաստանում» շինարարությունն ամենաշատն է նվազել. որտե՞ղ է գաղտնիքը

Կարճ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները հասցրեցին կտրվել իրականությունից։ Այն իրականությունից, որի համար ժամանակին առանց աչք թարթելու քննադատում էին նախկիններին։ Հիմա կարող են վերցնել ցանկացած երևույթ, կտրել ընդհանուր իրողություններից և ներկայացնել՝ որպես չտեսնված, չլսված ու աննախադեպ փաստ։

Նման օրինակները բազմաթիվ են։ Բայց այսօր անդրադառնանք դրանցից մեկին՝ շինարարությանը։

Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ Հայաստանը կանգնած է շինարարության բումի շեմին։ Շինարարության բում Հայաստանում, բնականաբար, տեղի չունեցավ։ Եվ ոչ այն պատճառով, որ դրան խանգարեց համավարակը։

Շինարարությունը համավարակից առաջ էլ հազիվ շնչում էր։ Համավարակից հետո այն պարզապես հայտնվեց կաթվածահար վիճակում։ Ու չնայած դրան, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ խոսում է Հայաստանի՝ մեծ շինհրապարակի վերածվելու մասին։

«Էսօր գյուղերում կոնկրետ քաղաքակրթական հեղափոխություն ա տեղի ունենում: Մարդը, որ գյուղերը իրենց գոյության ողջ ընթացքում, որ շրջել են կալոշներով և, կներեք, սապոգներով, էսօր մարդիկ իրենց տնից դուրս են գալիս և բարձրակարգ, ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման համակարգերով, լուսավորության համակարգերով: Իհարկե, սա ինձ լավատեսություն ա տալիս ասելու, որ ՀՀ-ն դառնում ա մի մեծ շինհրապարակ: Չեմ ասում՝ դարձել ա արդեն, չեմ ասում, որ բոլոր հնարավոր ծրագրերը, որ մենք պիտի իրականացնենք, արդեն մեկնարկել են, բայց որ պրոցեսը սկսվել ա, և Հայաստանը վեր ա ածվում մի մեծ շինարարական հրապարակի, և, որ հեղափոխության ժամանակ տրված խոստումները շատ կոնկրետ կատարվում են, որոնք մարդկանց միջավայրում, մարդկանց ոտքի տակ (ես հեղափոխության ժամանակ ասում էի՝ մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ), մենք էսօր այս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի նրանք ավելի վստահ քայլեն»,- օրերս Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր այցելելուց և իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալուց հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչից է վարչապետը վերցրել, որ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի, երբ շինարարության ծավալներն այս տարի կտրուկ անկում են արձանագրել, մնում է միայն ենթադրել։ Իր սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ենթադրություններ է անում, որոնք ոչ միայն կտրված են իրականությունից, այլև չեն արտահայտում այն պատկերը, ինչ ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը։

Ի տարբերություն կառավարության ղեկավարի, պաշտոնական վիճակագրությունն այս տարի Հայաստանում արձանագրել է շինարարության ծավալների ամենամեծ անկումը։ Անկում կա նաև տնտեսության մյուս ոլորտներում, բայց շինարարության մեջ այն, չասենք՝ աննախադեպ, սակայն շատ բարձր է։ Այդ պայմաններում փոխարենը լրջորեն մտահոգվելու՝ վարչապետը, ինչպես հաճախ է  լինում, իրականությունից կտրված ինչ-որ հայտարարություններ է անում։

Ի՞նչ շինհրապարակի մասին է խոսքը, երբ շինարարության ծավալները տարվա առաջին կեսին նվազել են ավելի քան 23 տոկոսով։ Ընդ որում, դա տեղի է ունեցել պետական բյուջեով նախատեսված կապիտալ «աննախադեպ» ծախսերի պարագայում, որը բյուջեի ներկայացման ժամանակ կառավարությունը համարում էր իր գլխավոր հաղթաթուղթը։ Բյուջեի միջոցների հաշվին այս տարվա առաջին կեսին նույնիսկ ավելի քիչ շինարարություն է իրականացվել, քան անցած տարի։

Իսկ որ, ասենք՝ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում կարող էին որոշ գյուղամիջյան ճանապարհներ կառուցվել կամ վերակառուցվել, դա դեռ չի նշանակում, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Թե ինչքանով է Հայաստանը վերածվել մեծ շինհրապարակի կամ կանգնած այդ ճանապարհին, վկայում են վիճակագրական ցուցանիշները, և ոչ թե՝ վարչապետի հայտարարությունները։

Նման բան Հայաստանում, իհարկե, եղել է։ Բայց տարիներ առաջ՝ 2000-ական թվականների սկզբին, երբ Հայաստանն իսկապես վերածվել էր մեծ շինհրապարակի։ Ու դա երևում էր նաև պաշտոնական վիճակագրության մեջ։ Առանձին տարիներին Հայաստանում ընդհուպ մինչև 30-40 տոկոսանոց շինարարության աճ էր արձանագրվում, կար նաև աշխատուժի կարիք, ու այդ ժամանակ մեր շատ հայրենակիցներ իրենց զբաղվածության խնդիրները լուծում էին ոչ թե արտագնա, այլ ներգնա աշխատանքի միջոցով։ Այդ ժամանակ էր, որ սկսվեց նաև վերադարձը երկիր։

Իսկ ի՞նչ ունենք այսօր. մինչ վարչապետը խոսում է Հայաստանը մեծ շինհրապարակի վերածվելու մասին, տասնյակ-հազարավոր մարդիկ անհամբեր սպասում են, թե երբ պիտի բացվեն ճանապարհները, որպեսզի աշխատանք գտնելու հույսով արտագաղթեն։

Իրականությունն ահա սա է։ Իսկ այն, ինչ ասում է վարչապետը, հերթական բլեֆն է, որով պետք է կերակրվի ժողովուրդը։

Զավեշտն այն է, որ Հայաստանը իբր թե մեծ շինհրապարակի վերածվելու տրամաբանության մեջ էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել պաշտոնյաներին բարձր պարգևավճարներ տալու հանգամանքը, որի հետ ժողովուրդն այդպես էլ չի կարողանում համակերպվել։ Վարչապետի բազմաթիվ հայտարարություններն այդ առումով հավատ չեն ներշնչում։ Թերևս, դա է պատճառը, որ նա ստիպված է անընդհատ նոր հիմնավորումներ փնտրել, որոնք  հասարակության շրջանում պարգևավճարների հետ կապված մտահոգությունները փարատելու փոխարեն՝ ավելի են խորացնում անվստահությունը։

Իշխանությունների դեմքը փրկելու հերթական փորձը կապված էր շինարարության հետ։ Բայց դա էլ փուչ դուրս եկավ։ Հայաստանը հեռու է մեծ շինհրապարակի վերածվելուց։ Ընդհակառակը՝ շինարարության ծավալները շեշտակի նվազել են, և դա է նախարարների ու մարզպետների աշխատանքի գնահատականը։

«Ես էսօր, երբ որ էս ծրագրերը նայում էի և տեսնում էի կատարված աշխատանքները, ինքս ինձ հարց էի տալիս և ասում էի՝ էսքանից հետո որևէ մեկը պիտի՞ հարց տա, ասի՝ «Ինչի՞ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: Էսօր էդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց: Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն ա եղել և դա ճիշտ որոշում ա, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք ա, այո, ստանան արժանապատիվ վարձատրություն: Եվ դա նաև ժողովրդի պատիվն է, գործատուի պատիվն է, թե ինքը իր ծառային, իր աշխատողին ոնց է պահում և ոնց է վերաբերվում»,- ասում է վարչապետը, ում գլխավորած կառավարության լի ու բոլ պարգևավճարներ ստացող նախարարների ու մարզպետների աշխատանքի գնահատականն է նաև այն, որ Հայաստանի տնտեսությունը դադարել է աճ արձանագրել, որ տնտեսության բազմաթիվ ոլորտներ հայտնվել են անելանելի դրության առաջ, որ գործազրկությունը գնալով ավելանում է, իսկ աղքատությունը խորանում է, որ իշխանությունների անպատասխանատու գործողությունների կամ անգործության հետևանքով համավարակի պատճառով Հայաստանում ավելի քան 1100 մարդ է մահացել ու շարունակում են մահանալ։

Նախարարների ու մարզպետների աշխատանքը գնահատելիս՝ լավ կլիներ, որպեսզի վարչապետը չմոռանար նաև այս մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս