ԲՀԿ-ն առանցքային դեր է խաղալու առաջիկա նախագահական ընտրություններում. Օսկանյան
Գերմանական DW ռադիոկայանը հարցազրույց է վերցրել Վարդան Օսկանյանից՝ նրա շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին: Հարցազրույցը ռուսերենից թարգմանաբար ներկայացված է ստորև:
– Ինչու՞ եք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում անվանում:
– Ես այս հետապնդումը քաղաքական եմ համարում երկու պատճառով. նախ՝ այն զուրկ է որևէ իրավական հիմքերից: Խոսքն այստեղ մասնավոր հիմնադրամի մասին է, որը գումար է ստացել մասնավոր անձից: Չկա բողոք ո՛չ դոնորի, ո՛չ էլ հիմնադրամի կողմից, քանի որ, ըստ էության, միջոցները չեն կորել: Երկրորդ՝ կարևոր է տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը: Մեղադրանք է առաջադրվում մի գործի առիթով, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ: Այսօր Հայաստանում մենք պատրաստվում ենք նախագահական ընտրությունների, և ես մի կուսակցության անդամ եմ, որն ընտրություններին մասնակցելու դեպքում կարող է իշխող կուսակցության լուրջ հակառակորդ դառնալ:
– Ի՞նչ եք մտադիր նախաձեռնել:
– Ես չեմ պատրաստվում պայքարել իրավական հարթությունում, քանի որ դա անիմաստ եմ համարում: Հարցը քաղաքական դաշտում է, և պայքարը հենց այս մակարդակով է ընթանալու: Իհարկե, այս ամենն ուղղված է ոչ միայն իմ, այլ նաև իմ կուսակցության դեմ, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ժողովրդավարության դեմ:
– Ձեր դեմ հարուցված գործն ինչպե՞ս կարող է անդրադառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ապագայի վրա:
– Այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այս հարցը երբեք չի դառնա սակարկման առարկա: Կուսակցությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանում, և անկախ ամեն ինչից՝ «Բարգավաճ Հայաստանը» առանցքային դեր է խաղալու առաջիկա նախագահական ընտրություններում:
CivilNet