Այս իշխանությունների ազդարարած «արդարադատության բարեփոխումներից» որևէ մեկը կյանքի չի կոչվել. Գևորգ Կոստանյանը վստահ է՝ գերագույն դատարանին չենք վերադառնալու․ «Փաստինֆո»

«Անիմաստ ու անհնար նախաձեռնություն է՝ միավորել Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները։ Այսպիսի փոփոխությունները, նախևառաջ, արվում են հանրաքվեի միջոցով, որովհետև դատական իշխանության վերաբերյալ Սահմանադրության դրույթները փոփոխության են ենթարկվում միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն, այնպես չի, որ իրենք որոշել ու փոխում են, այդպես չի լինելու, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ, գլխավոր նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Հիշեցնեք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Սահմանադրական ու վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

Գ.Կոստանյանի գնահատմամբ՝ իրավական տեսակետից սա անընդունելի նախաձեռնություն է՝ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները ֆունկցիոնալ էական տարբերություններ ունեն։ Սահմանադրական դատարանը կոչված է իրականացնելու սահմանադրական արդարադատություն, որը հատկապես դրսևորվում է սահմանադրական վերահսկողության եղանակով։ Այսինքն, Սահմանադրական դատարանը սահմանադրական վերահսկողություն է իրականացնում, այդ թվում՝ արդարադատություն իրականացնող մարմինների՝ դատարանների կողմից սահմանադրական կիրառության նկատմամբ։ «Երբ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորում են, իսկ Վճռաբեկ դատարանը դատական հիերարխիայի վերին ատյանն է, հետևաբար, Վճռաբեկ դատարանը չի կարող իրականացնել դասական արդարադատություն, միաժամանակ իրականացնել սահմանադրական վերահսկողություն՝ իր իսկ կողմից իրականացվող արդարադատության նկատմամբ։ Այստեղ կազուս է առաջանում։ Այլ հարց է, որ հիմա էլ իշխանությունները կարող են ժողովրդին հայտարարել, թե դուք լավ չեք ապրում, որովհետև Գերագույն դատարան չունենք, այլ ունենք Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններ։ Բայց, նորից եմ կրկնում՝ բանը դրան չի հասնելու, դա անիրականանալի բան է»,- նշել է Գ.Կոստանյանը։

Խոսելով երկու դատարանների միավորման իրավական հիմքերի մասին՝ Գևորգ Կոստանյանը նկատում է՝ այստեղ փորձում են կիրառության մեջ մտցնել ամերիկյան մոդելը, որտեղ կա Գերագույն դատարան, որն էլ իր հերթին իրականացնում է նաև Սահմանադրական արդարադատությունը. «Ամերիկյան մոդելի կիրառությունը Հայաստանում անընդունելի է մի քանի պատճառներով, սկսած՝ կառավարման ձևի, պետության կառուցվածքով պայմանավորված, վերջացրած նրանով, որ Ամերիկայում այդ կարգը դարերի փորձություն է անցել։ Ստացվում է, որ սա ոչ միայն ամերիկյան, այլ նաև ԽՍՀՄ մոդելն է, որովհետև Խորհրդային միությունում ևս Սահմանադրական դատարան չկա, Գերագույն դատարանն իրականացնում էր, այսպես կոչված, Սահմանադրական դատարանի ֆունկցիան։ Այսինքն, այս համակարգը կիրառվել է ԽՍՀՄ-ում, ներկայում իր հիմնական կիրառությունն ունի ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրներում։ Ընդ որում, դրանով է պայմանավորված, որ Եվրոպայի խորհրդի կազմի մեջ մտնող երկրների գերակշիռ մեծամասնությունը չի կիրառում Գերագույն դատարանի մոդելը՝ այլ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողություն իրականացնող մոդելի կրողն է, որովհետև ինստիտուցիոնալ և իրավական համակարգի տեսակետից սրանք անընդունելի մեխանիզմներ են»։

Ի՞նչ իրավական գնահատական կտար նախկին գլխավոր դատախազը երկրի արդարադատության համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումներին հարցին, Գևորգ Կոստանյանն ընդգծեց. «Սա անիմաստ ժամանակի վատնում է։ Նորից եմ կրկնում՝ Հայաստանում դա տեղի չի ունենալու։ Գերագույն դատարանին մենք նույնպես չենք վերադառնալու, ես դա ձեզ վստահեցնում եմ, որովհետև այդ ամերիկյան մոդելը, որն ավտոմատ կերպով ուզում են ներդնել մեր իրականության մեջ, Հայաստանի նկատմամբ կիրառելի չի լինելու։ Նորից եմ ասում՝ լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, մենք կաշկանդված ենք որոշակի կարգավորումներով։ Բացի այդ մենք ռոմանո – գերմանական իրավական համակարգի կրող ենք, իսկ ամերիկյան դատական համակարգը խարսխված է անգլո – սաքսոնական իրավական համակարգի վրա։ Այս համակարգերի տարբերությունն ազդում է նաև դատական իշխանության կառուցվածքի վրա»։

Արդյոք կարո՞ղ է լինել այնպիսի մտավախություն, որ այս փոփոխությունները ՀՀ դատական համակարգի վրա ամերիկյան կողմի ճնշումների արդյունք են, հարցին Գևորգ Կոստանյանը պատասխանում է.«Ձեռնպահ կմնամ վստահաբար պնդելու, թե սա ամերիկյան կողմի ճնշում է, բայց կարող եմ ասել հետևյալը՝ նկատի ունենալով, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու իրավական և իրավակիրառական որևէ անհրաժեշտություն մեր իրականության մեջ ընդհանրապես չկար, հետևաբար, կարծում եմ, որ բացարձակ պատահական չի, որ ընտրվում է հենց ամերիկյան մոդելը։ Այլ տրամաբանություն այստեղ ուղղակի չկա։ Այլ կերպ ասած, քանի որ հիմնավորման ուրիշ հիմքեր չկան, մնում է միայն այդ վարկածը»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս