Ում շունն է Սորոսը

Ալեն Սիմոնյանը հերթական անգամ դարձավ սկանդալի հեղինակ։ Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը պահանջել է պատժել Ալենին նրա հարցազրույցում տեղ գտած մի շարք արտահայտությունների համար, որտեղ Ալենը հայտարարեց, թե Սորոսն այն ուժը չէ, որը կարող  է զավթել Հայաստանը։

Մեծ հաշվով, ես համաձայն եմ Ալեն Սիմոնյանի հետ, որ չի կարող օտարերկրյա գործակալական ցանցը զավթել պետությունը, որն ունի իր անվտանգության ծառայությունները, ենթակառուցվածքները, ի վերջո՝ Սահմանադրությունը։ Բայց փաստն այն է, որ Սորոսի հիմնադրամի պացիենտները զբաղեցնում են բարձր և շատ բարձր պետական պաշտոններ, իսկ Հայաստանի կողմից վարվող քաղաքականության մեջ հիմնադրամի առաջ քաշած դրույթները մեծ տեղ ունեն։ Թե ինչու և ինչպես սա տեղի ունեցավ՝ դրա մասին պետք է առանձին խոսել, հիմա արժե քննարկել երկու կարևոր փաստ։

Առաջինն այն է, որ Ալեն Սիմոնյանը հանկարծակի այդքան կտրուկ արտահայտվեց Սորոսի մասին, այն Սորոսի, որին 2-3 տարի շարունակ շահում-փայփայում էր իր շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ է սա․ ապստամբություն իշխանական նավի վրա՞։ Մյուս կողմից, հայտնի է, որ Ալենին է Նիկոլը հանձնարարում ամենաանպարկեշտ առաջադրանքները՝ սկսած օրհներգը փոխելու նախաձեռնությունից՝ մինչև Էդմոնին քրֆելով որպես ընդդիմություն ներկայացնելը։ Հետևաբար՝ այս նախաձեռնությունը նույնպես ինքնաբուխ չէր, այլ՝ վերևից հրահանգավորված։

Երկրորդ զարմանալի փաստը Լարիսա Մինասյանի վրդովմունքն էր Ալեն Սիմոնյանի արտահայտություններից և նրան պատժելու նախաձեռնությունը։ Յուրաքանչյուր իր աշխատանքը լավ կատարող օտարերկրյա գործակալ, բացի լեննականցի հայտնի Շպիոն Օնիկից, աշխատում է չգովազդել իր գործունեությունը և հաջողությունները, մինչդեռ Սորոսի հիմնադրամի տնօրենը վրդովվել է, երբ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչը հերքում է այն փաստը, որ շպիոնները գրավել են երկիրը։

Այլ կերպ, քան Սորոսի հիմնադրամի և իշխանությունների միջև կոնֆլիկտի առկայության և այդ կոնֆլիկտի գովազդ, այս քայլը չես կարող բնութագրել։ Փաստորեն, կրկին Նիկոլ Փաշինյանը բեմադրում է իր նոր ընդդիմախոսներին, հանրության մոտ փորձում է ստեղծել մտայնություն, թե սորոսականներն ընդդիմանում են իր քաղաքականությանը, թե նրանք են այժմ իր ընդդիմությունը։

Հիշենք, որ այս քայլին նախորդել էին այնպիսիները, որոնք հստակորեն դուր չեկան սորոսականների առանձին թիրախային խմբերին՝ Ամուլսարը բացելու փորձերը, տեռորիստ Ծռերի համար բարձր պատժաչափեր պահանջելը, Լուկաշենկոյին շնորհավորելը։ Եվ սորոսականների այդ առանձին խմբերը չհապաղեցին ցույց տալ, որ իրենք իշխանությունների շունը չեն, որ կարող են քննադատել Նիկոլ Փաշինյանին՝ բնապահպանները՝ հանքի բացման առթիվ, «դեմոկրատները»՝ Բելառուսի կապակցությամբ, տեռորասեր ժողովրդավարները՝ Ծռերի հետ կապված։

Հիմա Լարիսա Մինասյանն ընդհանրացնում է այդ դժգոհությունները և պնդում է, որ վիրավորանք է հայտարարելը, թե Սորոսի հիմնադրամը չի կարող գրավել Հայաստանը։ Նման է նրան, որ Ալեն Սիմոնյանը բեմադրում է «Էդմոն-2» օպերացիան, այս անգամ փորձելով ընդդիմություն սարքել սորոսականներին։ Իսկապես զավեշտ է, երբ կառավարության մի սենյակում սորոսականները ծրագրում են պետության զավթման հերթական քայլը՝ ներկայացնելով Սահմանադրության խայտառակ նախագիծ, իսկ կողքի սենյակում նրանց դարձնում են  ընդդիմություն։

Իշխանությունները լրջորեն պատրաստվում են աշնանային քաղաքական սրացումներին։ Քաղաքական փոքր-ինչ լուրջ լարման դեպքում փողոցները կլցվեն սորոսականներով, որոնք բողոքի իմիտացիոն գործընթացներով թե կեղծ օրակարգեր կպարտադրեն, թե կզբաղեցնեն փողոցն ու հարթակները, թույլ չտալով ընդդիմության ներկայությունը։ Նաև հիշենք, որ Ամուլսարի դեպքում ոստիկանությունը բերման ենթարկեց այնտեղ գտնվող հատուկենտ ընդդիմադիրներին, ձեռք չտալով սորոսական բնապահպաններին։ Նույնկերպ կլինեն աշնանային սրացումները՝ մի կողմից՝ սորոսականները կապահովեն խոսքի ու հավաքների ազատության իմիտացիան, մյուս կողմից՝ ասֆալտին պառկացնելով ու բերման ենթարկելով ընդդիմադիրներին, ոստիկանությունը ցույց կտա, որ պահպանում է կարգուկանոնը։

Այս սցենարում Նիկոլն ունի երկու բնական դաշնակից։ Մեկը հասարակության պողոսացման բարձր մակարդակն է, ով չգիտի, թե «ովքեր են ժողովրդի բարեկամները, և ինչպես են նրանք պայքարում ժողովրդի դեմ» (սա դասական մեթոդ է, В.И.Ленин-1894), երբ նրան կեղծ ընդդիմադիրներ ու կեղծ օրակարգեր առաջադրելով՝ հնարավոր է շեղել իրական փոփոխությունների ծրագրից։ Այս ամենի բազմապատիկ էֆեկտիվության համար, իհարկե, այն կտարփողվի իշխանական լրատվամիջոցներով։

Մյուս դաշնակիցը հենց ընդդիմությունն է, որը կոնսոլիդացիայի և գործողությունների ծրագիր մշակելու փոխարեն՝ արդեն զբաղված է դեռ չսպանված արջի մորթին բաժանելով։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս