Մանրամասներ` Անթալիայում ադրբեջանական մաֆիայի ղեկավարի սպանությունից
Օգոստոսի 19-ին Թուրքիայի Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկում ընթրիքի ժամանակ սպանվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից Նադիր Սալիֆովը, որը հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Լոթու Գուլին» գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել։ Նրան հոսպիտալացրել էին, սակայն կյանքը չէր հաջողվել փրկել: Սալիֆովի վրա կրակել էր քրեական աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ, ազգությամբ ադրբեջանցի, որը հայտնի է «Խան» կեղծանունով։
Թուրքական լրատվամիջոցներն որոշ մանրամասներ են հրապարակել «օրենքով գող» Սալիֆովի սպանությանը նախորդող իրադարձություններից:
Ըստ այդմ` մինչ այս քրեական հեղինակության դեմ 2 մահափորձ էր կազմակերպվել: 2017 թվականի աշնանը Ստամբուլում գանգստերների խումբ էր ձերբակալվել, որոնց թվում է եղել «Ուրվական» կեղծանվամբ հայտնի Ռովշան Ջանիևի (սպանվել է Ստամբուլում 2016 թվականին) եղբայրը՝ Նամիկ Ջանիևը։ Նրանց ձերբակալել էին այն պահին, երբ նրանք պատրաստվում էին զենքով ներխուժել Գուլիի առանձնատներից մեկը և սպանել այնտեղ բոլորին՝ ներառյալ հենց Սալիֆովին։ Այս օպերացիայի գաղափարական ոգեշնչողն ու ֆինանսական հովանավորը Ռովշանի բարեկամ Զաուրն էր, որը փաստացի ղեկավարում է մահացած «օրենքով գողի» գործերը։ Գուլիից ուզում էին վրեժ լուծել, քանի որ կարծում էին, որ նա կապ ունի Ռովշան Ջանիևի սպանության հետ։
Հաջորդ մահափորձը տեղի էր ունեցել Ստամբուլի առևտրային կենտրոններից մեկում: Սակայն թուրք հատուկջոկատայիններին հաջողվել էր կանխել մահափորձը և ձերբակալել 13 հոգու, այդ թվում` 2 ադրբեջանցու: Սալիֆովի սպանության համար առաջարկվել էր 5 մլն դոլար:
Այնուհետև, Սալիֆովը 2018թ. Ստամբուլում Թուրքիայի ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել էր: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Գուլին ակտիվ գործունեություն էր ծավալել նաև Ռուսաստանում։ Նա Մոսկվայում զբաղվում էր դրամաշորթությամբ: Նրա պատճառով տուժել էին բազմաթիվ ռուս գործարարներ։ Ստամբուլում ձերբակալությունից հետո նրան արտաքսեցին և իր մուտքը Թուրքիա արգելվեց:
2020թ. փետրվարին Սալիֆովը ապօրինի ճանապարհներով կրկին մուտք էր գործել Թուրքիա: Այս ընթացքում Ջանիևի «վրեժը» լուծելու համար նրա դեմ նոր մահափորձ էր կազմակերպվել ազգությամբ վրացի «օրենքով գող» Գուրամ Չիկլաձեդեի կողմից: Սակայն հերթական մահափորձը նույնպես կանխվել էր:
Թուրքական ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա, որը «կարմիր թելով» կապված է հայտնի քրեական հեղինակության` Ռովշան Ջանիևի սպանության հետ:
Նշվում է, որ «Լոթու Գուլիի» ապանության օրը 1 օր տարբերությամբ համընկնում է Ջանիևի սպանության օրվա հետ (2016թ. օգոստոսի 18): Ինչը թույլ է տալիս կարծելու, որ Ջանիևի «մարդկանց» հաջողվել է լուծել վերջինիս սպանության վրեժը:
Հիշեցնենք, որ Սալիֆովի սպանության կասկածանքով թուրքական ոստիկանությունը 2 ադրբեջանցի է ձերբակալել Անթալիա-Դենիզլի մայրուղու վրա: