Բաժիններ՝

«Սա ըստ էության պետության կողմից թոշակառուի սեփականությունը խլել է նշանակում». Ռուբեն Շահնազարյան

168.am-ը նամակ է ստացել թոշակառու Ռուբեն Շահնազարյանից, որը հրապարակում ենք նույնությամբ:

«Բարի օր…

Ձեզ եմ գրում յուրաքանչյուր 12 ամիսը բանկ չներկայանալու դեպքում թոշակառուներին թոշակ չվճարելու և 12-ամսյա դեպոզիտը գերազանցելու դեպքում գումարը բռնագանձելու ցավոտ հարցի առթիվ:

Սա ըստ էության պետության կողմից թոշակառուի սեփականությունը խլել է նշանակում: Չէ՞ որ թոշակը թոշակառուի սեփականությունն է, փող, որը պետությունը նրան տալիս է երկրի բարօրության համար վերջինիս թափած ջանքերի համար: Եվ ի՞նչ նշանակություն ունի, և ո՞ւմ կարող է վերաբերել այն, որ թոշակառուն կցանկանա ստանալ իր՝ թեկուզև տարիների ընթացքում կուտակված փողը:

Այդպիսի խնդիր առաջանում է այն թոշակառուների մոտ, ովքեր տարուց ավելի բնակվում են Հայաստանից դուրս:

Չգիտես ինչո՞ւ, շատերը մտածում են, որ այդ մարդիկ շատ փող ունեն, և այդ թոշակն իրենց պետք չէ: Բայց նախ դա այդպես չէ, և երկրորդ, միևնույն է, այդ փողերն իր սեփականությունն են:

Չէ՞ որ նույն հաջողությամբ կարելի է և խլել այն մարդկանց բնակարանները, ովքեր Հանրապետությունից բացակայում են մեկ կամ երկու տարուց ավելի…

Այս խնդրի մասին խոսեց նաև Մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողովում իր տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ: Սակայն գործը մեռյալ կետից չշարժվեց:

Այս խայտառակությունը շարունակվում է արդեն 8 տարի: Միգուցե բավական է արդեն, որ պետությունը կողոպտի իր թոշակառուներին: Ակնհայտ է, որ այս հարցերը հնարավոր չէ լուծել Հայաստանի կառավարությունում, Ազգային ժողովում կամ Սահմանադրական դատարանում: Այս կազմակերպությունները պարզապես հետաքրքրված չեն հարցի լուծմամբ: Հույսը միայն լրագրողներն են, որոնք կարող են այս հարցը բարձրացնել ԶԼՄ-ներում ու հասնել հարցի դրական, արդարացի լուծման: Մեծ հույս ունեմ, որ դա տեղի կունենա հենց Ձեր օգնությամբ:

Հարգանքով՝ Ռուբեն Շահնազարյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս