«Եթե անօդաչուները կարողանային ճախրել Արցախի երկնքում, ապա դա առաջինը կանեին հենց Ստեփանակերտի երկնքում». Սերժ Սարգսյան
«Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու, այդ թվում՝ նաև Ստեփանակերտը։ Այսինքն` եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիները մեզ ուղղակի խղճացել են, չէ՞, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ եք նրանցից, չի կարող այդպիսի բան լինել, չի կարող»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր, իսկ այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ամբողջ Արցախի օդը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ հակաօդային պաշտպանության մասին խոսելիս պետք է տարբերակել ռազմական ինքնաթիռը, հետախուզական անօդաչու թռչող սարքերը և հարվածային ԱԹՍ-ները։
«Քառօրյայի ընթացքում 9 ԱԹՍ է ոչնչացվել ՊԲ մարտիկների կողմից, ու այնուհետև ապրիլ ամսին` ևս 8-ը։ Ոչ, որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել։ Այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերը առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա:
Հենց էդ եմ ասում, եթե ԱԹՍ-ները այդպես հանգիստ, ազատ կարողանային ճախրել Արցախի երկնքում, դա առաջինը կանեին հենց Ստեփանակերտի վրա։
Երբ որ խոսվում է՝ այսօր բոլոր հարցերն ամբողջովին լուծված են, ապա խնդրում եմ հիշեք, որ հայտարարություններ եղան, որ ադրբեջանական հարվածային թռչող սարքերը հասել էին մինչև մարզկենտրոն Տավուշի՝ Բերդ, և այնտեղ կատարել են իրենց առաջադրանքը։ Իհարկե, շատ մեծ կորուստներ, փառք Աստծո, չեղան, բայց հասել են, չէ՞։ Սա ես ոչ թե՝ որպես թերություն կամ կշտամբանք եմ ուզում ներկայացնել, այլ՝ որպես հավաստումն այն փաստի, որ հակաօդային պաշտպանությունը պարիսպ չի, որը կարող է կլանել կամ դեմ լինել որևէ թռչող սարքի»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի՝ դեռևս 2016 թ․ արված հայտարարությանը, որ խորքային հետախուզության տեխնիկայի հետ կապված խնդիրներ են եղել, Սերժ Սարգսյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո հետևություններ եղել են, և նոր սպառազինություններ են ձեռք բերվել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում