Վահե Էնֆիաջյանն իմ ուղղությամբ չի կրակել. Արթուր Սարգսյան
Քաղաքացի Արթուր Սարգսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը կրակել է իր վրա։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ինձ վրա որևէ մեկը չի կրակել։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Վահե Էնֆիաջյանի հետ, նա պարկեշտ մարդ է, և բոլորը գիտեն, որ նրա շնորհիվ կանխվել է հանցագործություն. դա կփաստեն տեսախցիկները և հարևանները»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնի Ոստիկանության բաժնի ղեկավարի հետ, որի ընթացքում նրանց է փոխանցել Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու տարածքի բնակիչների մտահոգությունն այդ տարածքում ոգելից խմիչքի ազդեցության տակ և սառը զենքով շրջող քաղաքացու հետ կապված։
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ հեռախոսազրույցից հետո Ոստիկանության կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել վերոնշյալ օրինախախտ անձը։
«Թերևս, այս պատմության ամենազավեշտալի հատվածն ինձ համար այն է, որ տվյալ միջադեպը հայտնվում է ոչ թե պատկան մարմինների, այլ լրագրողների ուշադրության կենտրոնում։ Ինձ հետ կապ են հաստատում ոչ թե իրավապահ մարմնի ներկայացուցիչները, այլ լրագրողները, և փորձում են հնչեղություն տալ ոչ ստույգ տեղեկատվությանը։ Հետևողական եմ լինելու, որպեսզի բոլոր երևացող և չերևացող հանգամանքները, եթե մնացել են, ի հայտ գան, և իմ լրագրող գործընկերներին հորդորում եմ ոչ ստույգ տեղեկատվություն չհրապարակել։
Ձեր ձախողված փորձերը՝ ինձ ներքաշելու ինչ-որ գործերի մեջ, չի ստացվելու։ Զբաղվե՛ք ձեր իրական գործերով»,- գրել էր ԱԺ փոխնախագահը։