«Թե հակառակորդն ի՞նչ ձեռագիր ունի՝ զորավարժության քարտեզից երևում է». Կարեն Հովհաննիսյանը հայտնաբերել է Ադրբեջանի զորավարժությունների անցկացման մակետը

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարությանը ներկայացվում է զորավարժությունների տեղանքը, մարտավարությունը, տակտիկան:

Նա մասնավորապես նշել է. «Առաջին երկու նկարը վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից, որտեղ քողարկել են զորավարժությունների անցկացման մակետը։ Այստեղ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարությանը ներկայացվում է զորավարժությունների տեղանքը, մարտավարությունը, տակտիկան։
Մնացած նկարները ևս նույն միջոցառման կադրերից են, բայց արդեն ոչ քողարկված։ Այսպիսի կարևոր ռազմական նշանակություն ունեցող մակետն Ադրբեջանի ՊՆ-ն որքան էլ քողարկի, միևնույն է կարող եմ «գտնել» չքողարկվածը))) Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում»:

168.am-ը Կարեն Հովհաննիսյանից նախ հետաքրքրվեց, թե մակետի լուսանկարներն ինչպե՞ս են հայտնվել իր մոտ:

«Չեմ կարող հրապարակել, թե որտեղից են լուսանկարներն ինձ մոտ հայտնվել: Շատ խորը ուսումնասիրություններ եմ արել, նրանք մի տեղ բացթողում էին արել, և ես դրանից օգտվել եմ, իհարկե, լրագրողական բացթողում է եղել, բայց թե որտեղից, չեմ կարող ասել: Մակետը զորավարժության ավարտական հատվածն է, որտեղ պետք է դիտարկում իրականացնեին Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները և գլխավոր շտաբի պետերը: Մինչև բուն զորավարժության անցնելը, մակետի վրա իրենց ցույց էին տալիս, թե ինչ պլան է նախատեսված՝ ոնց են հարձակվում, ինչ են անում, ինչ գործողություն են իրականացնում, աջից, ձախից, կենտրոնից և այլն, ինչպիսի շարասյունով են գնում տանկերը, ուղղաթիռները: Մակետի վրա ամենը ցույց են տալիս, այնուհետև գնում են ուսումնական այդ տեղանքը և իրականացնում զորավարժություն: Որպես կանոն՝ այդ մակետները փակ են, և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր կայքում դրել էր փակ, մնացած բոլոր լրատվականները տարածել էին փակ մակետը, բայց կարծես թե տարածքում նաև եղել է ոչ միայն՝ իրենց ՊՆ կայքի լրագրողը, այլև՝ հավանաբար այլ լրագրող է եղել և իր սեփական լուսանկարներն է արել, տեղադրել են ինչ-որ մի տեղ, այդտեղից էլ հասել է ինձ»,- ասաց Հովհաննիսյանը:

Փորձագետի խոսքով՝ զորավարժություններն ավարտվել են օգոստոսի 10-ին, սակայն ինչ-ինչ պայմանավորվածություններ են եղել, որ փակման արարողությունը պետք է ավելի ճոխ ձևով նշվեր, քան նախատեսված է եղել, և այն տեղի է ունեցել երեկ:

Հարցին, թե սա ո՞ր հատվածն է, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ճիշտն ասած, չեմ կարողանում տեղորոշել, թե որ հատվածն է, ենթադրում եմ, որ Գանձակում է, որովհետև Նախիջևանում չէ հաստատ, քանի որ իրենք եկել են Բաքու, Բաքվում չէ, որովհետև այնտեղ նման ռելեֆ չկա, Եվլախում չէ, որովհետև այնտեղ էլ նման ռելեֆ չկա, հավանաբար Գանձակում է»:

Հարցին, թե հայկական կողմը կարո՞ղ է արդյոք այս մակետն օգտագործել, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Չգիտեմ՝ որքանով ՊՆ-ին կհետաքրքրի, բայց շատ լուրջ ուսումնասիրության առարկա է և կարելի է ռազմավարությունը հասկանալ, թե ինչպիսի ռազմավարությամբ, ինչպիսի տակտիկայով զորավարժություններն են անցկացրել, և ավարտական փուլն ինչ է իրենից ենթադրել: Եթե ոչ մասնագետն էլ նայի այդ մակետին, ապա ակնհայտ է դառնում, թե ինչպիսի հաջորդականությամբ է տեղի ունենում հարձակումը, զինտեխնիկայի տեղաշարժը, շրջափակման մեջ տեսնելը: Մի խոսքով՝ բավականին լուրջ ինֆորմացիա կարող է տալ, լրացնել այն ինֆորմացիան, որին, իհարկե, տիրապետում է ՊՆ-ն, կարող է ամբողջացնել այն և հետագայում դիտարկել՝ որպես տարբերակ, որովհետև խաղարկվել է այդ սցենարը»:

Հարցին՝ զորավարժությունների և պատերազմական իրավիճակներում հիմնականում նույն տարբերակո՞վ են առաջնորդվում, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Սկզբունքը նույնն է, կարող է դետալներ փոխվեն, տվյալ իրավիճակից ելնելով՝ որոշակի փոփոխություններ տեղի ունենան, բայց ընդհանուր մոտեցումը նույնն է, և թե ինչ ձեռագիր ունեն հենց այս զորավարժությունների քարտեզներից, մակետներից է երևում»:

Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները մեկնարկել էին հուլիսի 29-ին և պետք է ավարտվեին օգոստոսի 10-ին:

Տեսանյութեր

Լրահոս