Բաժիններ՝

«Այս քանի օրն էլ պետք է գոյատևենք, որ գնանք». 12 օր Բագրատաշենի անցակետում անցկացրած ՌԴ քաղաքացիներին խոստացել են ավտոբուսներով տեղափոխել

Հայաստանում  գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից, ովքեր, 5 ամիս է՝ Հայաստանում են, հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո մոտ 81  հոգի գնացել է Բագրատաշենի անցակետ: Նրանք այնտեղ են հուլիսի 30-ից:

Ավտոբուսներով սահմանը հատելու հարցը կարծես թե լուծման ճանապարհին է:

«Մենք ինքնաթիռով չենք գնալու, մեզ խոսք են տվել ավտոբուսով տանել: Սպասում ենք պատասխանի, ամեն վայրկյան կարող են զանգել ու ասել, որ գնում ենք: Այս պահի դրությամբ Վրաստանի հետ են համաձայնեցնում սահմանը հատելու հարցը: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք նույնն են, ոչինչ չի փոխվել, ուղղակի այս քանի օրն էլ պետք է գոյատևենք, որ գնանք: Մեքենաները մեր հաշվին  էվակուատորով (ավտոքարշակ) պետք է անցկացնենք: Սկզբից ուղարկելու ենք մեքենաները, հետո մինչև ավտոբուսով մենք էլ կհասնենք: Մինչև հասնենք՝ մեքենաներն արդեն Վլադիկովկասում կլինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Այվազյանը:

Հավելենք, որ օգոստոսի 11-ին Երևան-Մոսկվա  թռիչք կկայանա, սակայն մեկնել ցանկացողների փոխանցմամբ՝ այս մասին դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից երկու րոպե անց ցանկանում են գրանցվել, սակայն պարզվում է, որ բոլոր տեղերը զբաղված են:

Հիշեցնենք, որ 5 ամիս շարունակ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներից  շատերը հայեր են, ովքեր Հայաստան էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով, սակայն կորոնավիրուսի պատճառով, երբ սահմանները փակվեցին, նրանց մեծ մասը, ով ժամանել էր մեքենայով՝ խնդրի առջև կանգնեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս