Բաժիններ՝

Ձորագյուղում բարերարի միջոցներով կառուցվելու է նաև գիշերային լուսավորության ցանց

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ, որտեղ իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքի նախկին բնակիչ, ուկրաինաբնակ գործարար Կամո Ռուբիկի Աբրահամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, ճանապարհաշինական աշխատանքները Ձորագյուղի թիվ 11 եւ 12 փողոցներում մեկնարկել են հուլիսի վերջերից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 538 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 21 միլիոն 25 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը՝ 3 միլիոն դրամի չափով:

«Համայնքի բարերարի մասնակցությունը սուբվենցիոն ծրագրին հնարավորություն է տալիս՝ ասֆալտապատելու Ծակքարի խաչմերուկից մինչեւ Մասրուց անապատ կամ Սուրբ Կարապետ եկեղեցի տանող ճանապարհը՝ շուրջ 200 գծամետր երկարությամբ: Այդ նույն հատվածում բարերարի միջոցներով կառուցվելու է նաեւ գիշերային լուսավորության ցանց: Բարերարի կատարած ներդրումը ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեբանական ու բարոյական մեծ նշանակություն ունի, եւ ուզում ենք համոզված լինել, որ Ձորագյուղի մյուս գործարարները եւս, որոնց թիվն արտերկրում բավականին մեծ է, իրենց մասնակցությունը կբերեն հարազատ ծննդավայրի շենացմանն ու զարգացմանը՝ հետեւելով Կամո Աբրահամյանի հայրենանվեր ձեռնարկին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս