Բաժիններ՝

Բեյրութում պայթյունն առանց տանիքի է թողել 300 հազար մարդու

Հզորագույն պայթյունը, որը մեկ օր առաջ տեղի է ունեցել Բեյրութում, վնասներ է հասցրել քաղաքային տարածքի շենքերի կեսին: Այդ մասին հայտնել է Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը: Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, նա նաեւ ասել է, որ 300 հազար քաղաքաբնակներ մնացել են առանց տանիքի, իսկ պայթյունից վնասը գնահատվում է 3 մլրդ դոլար:

Պայթյունի ուժն այնպիսին էր, որ դրա ալիքն զգացել են նույնիսկ Կիպրոսում, որը գտնվում է Լիբանանի մայրաքաղաքից ավելի քան 200 կիլոմետր հեռավորությամբ: Տվյալներ են ստացել ավելի քան հարյուր զոհերի եւ 4 հազարից ավելի վիրավորների մասին: Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան: Այն մաքսային ծառայությունների կողմից բռնագրավվել էր 2014 թվականին: Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայյա ալ-Հասանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում նույնպես հայտարարել էր սելիտրայի պայթյունի մասին:

Ինչպես հաղորդվել է, Նովոռոսիյսկում Տրանսպորտի աշխատողների միջազգային ֆեդերացիան նշել է, որ պայթած սելիտրան կարող է վեց տարի առաջ բռնագրավված լինել RHOSUS մոլդովական նավից: Մոլդովայի դրոշի ներքո նավը կանգնեցվել էր «նավահանգստի հսկողության տեսուչների կողմից հայտնաբերված շահագործման կանոնների կոպիտ խախտումների, ինչպես նաեւ անձնակազմին աշխատավարձ չվճարելու պատճառով»: Նշվում է, որ ռուսական անձնակազմը հետագայում հայրենադարձվել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորաբեռի տերը նավահանգստում կանգնեցնելու պահին եղել է Teto Shipping կիպրական ընկերությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը՝ Reuters-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս