Դանակահարություն՝ Ջանֆիդա գյուղում
Օգոստոսի 2-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և կողերի կտրած-ծակած վերքերով Ջանֆիդա գյուղի մի բնակիչ դիմել է բուժօգնության:
Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. բժիշկներին հայտնել էր, թե վերքերը տանն է ստացել՝ անփութության հետևանքով: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում, հաղորդումից ժամեր անց պարզվեց, որ ժամը 22.30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի տներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր 54-ամյա համագյուղացին:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին` իր հետ բերելով դանակը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: