«Նախարարը ոչ միայն տեղյակ է, այլև հովանավորում է». պատմաբանը՝ պատմության նոր չափորոշիչների մասին
«Մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման, բայց եթե պետք է կացնի տարբերակն աշխատի, թե ինչ ուզում եք արեք, միևնույն է, մենք անելու ենք, ստացվում է՝ մենք հակահեղափոխական ենք, Մայր Աթոռն է հակահեղափոխական, բոլոր ամբիոնները, հայ բանասիրության ֆակուլտետը, այդքան հակահեղափոխական որտեղի՞ց այս երկրում, և նրանք մտավորականներն են»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում հայոց պատմության դասագրքերում նոր չափորոշիչներին և դրանց քննադատության վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի արձագանքին:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես ՀՅԴ-ին նկատի ունենալով՝ հրապարակել էր իբր Արամ Մանուկյանի նամակը և գրել.
«Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում:
Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը:
Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ ձեր աղմուկից»:
«Այդ մարդիկ պատրաստ են քննարկման ցանկացած մակարդակով, բայց մեր ինստիտուտը, որ 30 տարի դասագրքաստեղծ գործում միշտ եղել է ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի հետ միասին, այս անգամ էլ չափորոշիչների ժամանակ առաջադրեցինք գիտությունների թեկնածու, աշխատությունների հեղինակ Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը, անմիջապես մերժվեց, և ոչ մի բացատրություն: Հետո լսեցինք, որ բոլոր մասնագետների հայտերը մերժվել են, ինչ-որ անհասկանալի ու գաղտնի խումբ է աշխատում, որը հանկարծ ջրի երես դուրս եկավ»,- ասաց Մելքոնյանը:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանն էլ նշեց, որ շատ զարմացած է նախարարի արձագանքից. «Ամոթ է, որ լինելով պատմական գիտությունների թեկնածու, նախարարը մի կեղծ հեռագիր վկայակոչում է իրեն հակադիր կուսակցությանը փնովելու համար: Դա կեղծիք է: Արամ Մանուկյանը երբեք չի եղել ռազմական նախարար, եղել է ներքին գործերի և հետո՝ խնամատարության նախարար: Արխիվում նման փաստաթուղթ չկա, Ամատունի Վիրաբյանը պաշտոնապես հայտարարեց: Ի՞նչ է սա, ըստ երևույթին ժամանակին Ջոն Կիրակոսյանի դիմաց դրել են պայման, որ պետք է լինի նման մի փաստաթուղթ, Դաշնակցության վրա մեծ թույն թափելու համար, և Ջոն Կիրակոսյանը ճարահատյալ, բայց եթե ինքն է դա սարքել, ապա հանճարեղ բան է արել, դիտմամբ կեղծ է սարքել, որ հենց կարդան, հասկանան՝ կեղծիք է, սովետական իշխանությունները դա չեն հասկացել: Ինչ մնում է նախարարի այդպիսի վերաբերմունքին՝ ինչ էլ անեն, անցկացնելու ենք, սա մի բանի մասին կարող է վկայել: Նախարարը, որ ստացավ այդ ահազանգը, չկանչե՞ց մի հատ ասի՝ թուրքերի հետ այս ի՞նչ եք արել: Նախարարության գաղտնի գործելաոճն ու նախարարի այս պատասխանը ցույց է տալիս, որ ինքը տեղյակ է այս ամենից և ոչ միայն տեղյակ է, այլև հովանավորում է»:
Մովսիսյանի խոսքով՝ իրենք տեսանյութ են պատրաստել, որտեղ նշվում են այդ չափորոշիչների բոլոր «վտանգները», և, որ այդ տեսանյութում կոչով դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Նշել եմ, որ Ձեր իշխանության իմքայլական պատգամավորները, միգրացիոն ծառայության պետը մասնակցել են այս պրովոկացիային, դրանով զբաղվեք: Արայիկ Հարությունյանին դիմելու իմաստ ես արդեն չեմ տեսնում, որովհետև զգացվում է, որ ինքը հովանավորում է, ինքն էլ, ինչ-որ ձևով՝ ուղղակի կամ անուղղակի, այս գործերի հետ կապված է: Ես չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանն այս բացահայտումից հետո կգնան նման բանի և չեն կասեցնի: Գոնե պատմության գծով այդ 20 դասագրքերը, որոնց չափորոշիչները վստահված են մարդկանց, որոնք այս թուրքական նախագծին են մասնակցել, պետք է չեղյալ հայտարարվեն և ստեղծվեն նորերը»,- ասաց Արտակ Մովսիսյանը։