«Սա ես համարում եմ օրենքի նկատմամբ ծաղր». Փաստաբանը՝ Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու մասին
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողներին փոխանցեց, որ Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու։
«Նախապատրաստվում են նյութեր, և որքանով մեզ ներկայացրեցին, նյութերը վերաբերում են ԱԱԾ աշխատակիցներից մեկին՝ աշխատանքին վերականգնելուն։ Սա ես համարում եմ օրենքի նկատմամբ ծաղր, որովհետև կա օրենք, որտեղ անձը 50 տարին լրանալուց հետո իրավունք ունի ժամկետը երկարացնել, և համակարգում ևս հինգ տարի աշխատել, ինչը տվյալ պարագայում արվել է։ Հիմա խնդիրն այն չէ, թե օրենքը խախտվել է, կամ չի խախտվել, այլ, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Ինձ համար սա զարմանալի է, քանի որ Քրեական օրենսգրքում չկա նման նորմ, եթե նույնիսկ խախտում է եղել, միևնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող»,- շեշտեց Լուսինե Սահակյանը։
Փաստաբանի կարծիքով՝ սրանով պետությունը, առավել ևս, եթե հարցին խառնվել է ԱԱԾ-ն, արդեն հաստատում է, որ Վանեցյանի դեմ չկա որևէ քրեական գործ հարուցելու հիմք։
«Հասել են նրան, որ այս կերպ փորձում են քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրել։ Եթե մենք այն աստիճանի հասնենք, որ լրիվ ծաղրեն օրենքը և քրեական գործ հարուցեն, չեմ բացառում, որ ևս մեկ անգամ կհրավիրեն ԱԱԾ։ Համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է, այլ դիրքորոշում որևէ տրամաբանող մարդ չի կարող ունենալ»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ 2018 թվականին իր ղեկավարած մարմնում նախկին աշխատակցին պաշտոնում վերականգնելու առնչությամբ բացատրություն տալու։