«Երբ ասում են՝ «դուխով», նշանակում է՝ վախկոտ են. օրինակ՝ փողը պահում են ԿԲ-ում և վախենում գործ անել». Արա Գալոյան

Ազգային վիճակագրական  կոմիտեն  հրապարակել է 2020 թվականի առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որոնց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ունենք տնտեսական ակտիվության 4.7 տոկոս  անկում։ Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի փոխանցմամբ՝ անկման այս ցուցանիշը սպասելի էր բոլորի համար, բացի իշխանությունից, ավելին, կան նաև մինչև երկնիշ թվով անկման  մասին կանխատեսումներ՝ արված լուրջ մասնագետների և տնտեսությամբ զբաղված գիտնականների կողմից։

«Օրինակ՝ արդյունաբերության ոլորտում մենք ունենք 1.5 տոկոս աճ, իսկ դա հիմնականում պայմանավորված է հանքահումքային արդյունաբերության հետ։  Քանի դեռ աշխատում է մեր երկրում հանքարդյունաբերությունը, և փող բերողն այս ոլորտն է,  այս իշխանությունները  չեն փորձի կանխել հանքարդյունաբերության աշխատանքը։ Հիմա մեզ համար բյուջեում փող բերող ամենալուրջ ոլորտներից մեկը հանքարդյունաբերությունն է. Ի՞նչ է՝ առաջարկում են, որ կառավարությունը փակի հանքը, ասի՝ մեզ փող պետք չէ, և փող դնի տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ, իհարկե ոչ»,- այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արա Գալոյանը՝ չբացառելով, որ կառավարությունը թույլ կտա Ամուլսարի հանքի շահագործումը նաև այն պատճառով, որ այս երկու տարիներին նաև Հայաստանում ներդրումներ չեն եղել, և բյուջեն զրկվել է գումարից։

Ըստ տնտեսական մեկնաբանի՝ շատ վատ վիճակում է շինարարության ոլորտը. անկումը կազմում է  23.3 տոկոս, իսկ դա պայմանավորված է ոչ միայն համավարակով, այլ նաև նրանով, որ խոսակցություններ սկսվեցին իշխանության ներսում եկամտահարկի վերադարձը չեղարկելու մասին։

«Ժամանակին, երբ այդ օրենքն ընդունվեց, դրա նպատակը շինարարությունը խթանելն ու վարկային միջոցների ուղղումն էր այդ ոլորտ։  Այս օրենքն իսկապես խթանեց, և շինարարությունը զարգացավ, իսկ եթե եկամտահարկի վերադարձը դադարեցվի, անշարժ գույքի շուկայում կունենանք անկում,  եթե, իհարկե, կառավարությունն այլ գործիքներ չներդնի, որոնց մասին մինչև հիմա չի խոսվել։ Առհասարակ, ես չեմ  տեսնում, որ բացի խոսելուց՝ հավաքվեն քննարկեն, թե ինչ պետք է անենք, որ ոլորտը պետք է զարգացնենք։  Կամ ՝օրինակ՝ 209 միլիարդ դրամ է հատկացվել կապիտալ ծախսերի համար. փողը կա, բայց ընդամենը կնքվել է 13 միլիարդ դրամի պայմանագիր։ Հիմա հարց՝ ո՞վ կարող է ասել, թե ինչո՞ւ է կնքվել փողի առկայության դեպքում անգամ 100 տոկոսի՝ ընդամենը 6 տոկոսի չափ պայմանագիր, և սա՝ այն դեպքում, երբ այդ փողը պետությունը քամում է հարկատուներից։ Հիմա ձմռանը կնկարեն մի դպրոց, կասեն, թե տեսեք՝ նորոգեցինք, Ֆեյսբուքում կքննարկեն, թե նախկինները 20 տարի այս գյուղի դպրոցը չեն նորոգել, բայց, եղբա՛յր, մենք նախկիններին էլ չենք հիշում, անունները մոռացել ենք, կլինի՝ դուք անեք, էդ դպրոցի նորոգման փողը դրված է բյուջեում, բայց չեք անում։ Չեմ հասկանում առհասարակ կապիտալ ծախսերի չկատարումը։ Ինձ մոտ տպավորություն կա, որ մարդիկ գործ չեն ցանկանում անել, քանի որ պետք է խոսեն, թե կա կոռուպցիոն ռիսկ, կոռուպցիոն ռիսկը սարսափ  է դարձել ոչ միայն գործարարների, այլ նաև կառավարիչների համար»,- ասաց Գալոյանը։

Անդրադառնալով հարկերի  հավաքագրմանը, որն այս տարվա 6 ամսվա ընթացքում թերակատարվել է 90 միլիարդ դրամով, Արա Գալոյանը նկատեց, որ համավարակի ժամանակ ամենալուրջ հարվածը ստացել ու ստանում են փոքր և միջին բիզնեսը, որոնց անգամ չեն փրկում կառավարության  տնտեսական աջակցության ծրագրերը, որոնց հետևանքով այդ բիզնեսները հիմա էլ հայտնվել են պարտքի տակ և  այլևս չեն կարողանում պահել իրենց աշխատատեղերը։

«Պետության կողմից տրված այդ գումարները չուղղորդվեցին տնտեսությունը զարգացնելուն. մի կողմից՝ տնտեսվարողներին մտցրեցին պարտքերի տակ, մյուս  կողմից՝ տված փողի  23 տոկոսը եկամտահարկի տեսքով վերադարձավ  պետական բյուջե»,- ասաց Գալոյանը։

Ինչ վերաբերում է պետական հատվածում միջին աշխատավարձի՝ 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.8 տոկոսով բարձրանալուն, ապա, ըստ Գալոյանի, ինչպես բոլորը, այնպես էլ այս իշխանությունը խոսեց պետական ապարատի կրճատման մասին, բայց արեց ճիշտ հակառակը։

«Սովորաբար մարդիկ խոսում են այն ամենի մասին, ինչը չունեն։  Օրինակ՝ երբ ասում ենք՝ դուխով, նշանակում է՝ մի քիչ վախկոտ ենք. փողը պահում ենք Կենտրոնական բանկում որպես ավանդ՝ այն դեպքում, երբ երկրում չկա մի ոլորտ, որը ֆինանսապես ինքնաբավ  լինի։ Կառավարությունը խոսում է դուխի մասին, բայց վախենում է փողն ուղղորդել տնտեսություն, գործ անել։  Գործ չեն անում, որովհետև մարդիկ  վախենում են,  որ  վաղը կարող են նստել ու ասել՝ այս միջոցը կորել է, այս միջոցն էլ պակաս արդյունավետությամբ է  օգտագործվել՝ արդյունքում դեռ տնտեսությունն իներցիայով շարունակվում է. կարծում եմ՝ դեռ կձգի»,- ասաց Արա Գալոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս