Փաշինյանի կորսված իշխանությունը
Քաղաքական օրակարգում ամենօրյա ռեժիմով նոր հայեցակարգ ու օրահարց է դրվում քննարկման, ինչն էլ դառնում է տվյալ 24 ժամի թոփային թեման, քանի որ այն առաջ է քաշվում ՀՀ «գլխավոր խմբագրի» կողմից։ Այս ռեժիմով ապրելուն բոլորս արդեն վաղուց հարմարվել ենք, հարմարվել ենք նաև այն առօրյային, որ խորքային ու բովանդակային քաղաքական դիսկուրս ասվածը գոյություն չունի։ Բանը հասավ նրան, որ կայացած և լուրջ քաղաքական հետագիծ ունեցող քաղաքական ու հանրային գործիչներն իրենց առօրյա լեքսիկոնը ստիպված իջեցրեցին Նիկոլ Փաշինյանի մակարդակին, որն, ինչպես գիտենք, գաղութային ժարգոնից ու «Կարգին սքեթչերից» այն կողմ ոչ մի կերպ չի անցնում։ Ահա այս միապաղաղ ու անբովանդակ տեսքն ունի հայրենի քաղաքական «քեյսը»։
Հետևելով քաղաքական պորտֆոլիոյի վերադասավորումներին՝ պարզ է դառնում, որ Փաշինյանը ողջ քաղաքական դաշտում մնացել է միայնակ, քանի որ բոլոր ուժերի հետ համագործակցության կամուրջներն այրել է։ Իրականում այդ հանգամանքը պայմանավորված է մի առանցքային բաղադրիչով․ Նիկոլ Փաշինյանը չունի գաղափար, այդ իսկ պատճառով նրա «հավաքագրած» իշխանական բլոկը նրա անձի միֆի շուրջ հավաքված մի ամբոխ է, որը Փաշինյանի առաջին իսկ հրապարակային ձախողումից հետո նրան թողնելու է միայնակ։ Յուրաքանչյուր քաղաքական միավորման մեջ ընդգրկված մարդիկ համախմբվում են հենց «իզմերի» շուրջ, ինչը հանդիսանում է քաղաքական այն սոսինձը, որը միավորում է այդ մարդկանց, հակառակ դեպքում՝ նրանք չեն կարող միավորվել քաղաքական այս կամ այն կառույցում։
Տարբեր հարցեր կան, որոնց նկատմամբ տվյալ կառույցում պետք է ունենան գրեթե նույն դիրքորոշումը, եթե չկա «իզմը», ապա այն դառնում է պատահական մարդկանց միավորում։ «Իզմի» առակայությունը նաև ճանապարհ է, որը մարդուն տանում է նախընտրած նպատակը, այսինքն՝ պետություն կառուցելիս ինչպես են պատկերացնում նպատակների իրագործման ճանապարհն ու տարբերակները։ Նիկոլի համար կա մի գլխավոր կարգախոս՝ ցանկացած ընդդիմախոսի հնարավոր և անհնար բոլոր գործիքակազմերի միջոցով «շարքից հանել» և հանրության առաջ դարձնել որպես իսկական դեմոն և տոտալ քննադատության առարկա։ Դա հեշտ է իրականացնել այսօրվա զոմբիացված հասարակության պայմաններում, երբ «Բարձրյալի» կողմից հնչեցված գրեթե յուրաքանչյուր միտք ընդունվում է՝ որպես բացարձակ ճշմարտություն։
Ընդդիմադիրներին հանրության աչքին նսեմացնելու քաղաքականությունը Փաշինյանի կողմից սկսեց իրականացվել իշխանության գալու առաջին իսկ օրվանից, և այսօր հասել է իր պիկին։ Ունենք մի իրավիճակ, երբ ցանկացած փոքրիկ միջադեպ, որտեղ այս կամ այն կերպ հոլովվում է իշխանությանը քննադատող ընդդիմադիր գործչի անուն, միանգամից մանիպուլյացվում է՝ դառնալով տարբեր մեկնաբանություններով և ֆեյք-նյուզով շարքային Պողոսին հրամցնելու իսկական նյութ։
Ընդհանրապես հանրությունը չի ցանկանում երկար մտածել և իրավիճակներին տալ սեփական դատողություններն ու հանգել տրամաբանական եզրակացության, միշտ էլ ավելի հաճելի է ու հեշտ առաջնորդվել այն տեսակտով և տարբերակով, որը մատուցվում է վերևից, դե, իսկ բոլորին էլ պարզ է, թե ինչ տիպի սոուս է եփվում վերևում՝ հանրությանն ամենօրյա ռեժիմով սիստեմատիկ մանիպուլյացնելու նպատակով։
Պետք է նշենք մի կարևոր դետալ ևս․ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե չկա քաղաքական ակտիվ կյանքում, մի տեսակ «քաղաքական արձակուրդում» է, մի բան, որն ընդհանրապես բնորոշ չէ նրա տեսակին ու ինքնությանը: Նրա ոճն է՝ անվերջ լինել եթերում, իրադարձությունների կիզակետում՝ փորձելով դրանից օգուտներ քաղել, վարկանիշ բարձրացնել ու PR-վել: Կարող ենք նշել, որ մշտական լայվերի սիրահար Փաշինյանն իրեն դուրս է դնում երկրում ընթացող իրադարձություններից, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լարվածությամբ։
Ընդունված է ասել, որ քաղաքական ճգնաժամի ընթացքում, որպես կանոն, իշխանություններն ավելացնում են ուժայինների թիվը քաղաքացիական կառույցներում, քանի որ հենց ուժայիններն են, ի տարբերություն «քաղաքացիականների», առավել հարմարված օպտիմալ որոշումների արագ կայացմանը և ի վիճակի ապահովել դրանց առավել կոշտ իրականացումը: Հիմա մենք բացահայտ տեսնում ենք, որ որպես քաղաքական հենարան՝ Փաշինյանն իր համար նախընտրում է ոչ թե՝ քաղաքական պարտնյորներին, այլ՝ ուժային համակարգերն իր կամքին ենթակա դարձնել և դրա հաշվին ապահովել ինքն իրեն։ Դրա վառ օրինակը բոլորովին վերջերս երկու առանցքային ուժային կառույցներում սեփական կադրերին ղեկավար նշանակելու փաստն է։
Արմեն Հովասափյան