Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել. հայ երկրպագուները խաղի ժամանակ հունգարացիներին հիշեցրել են Գուրգեն Մարգարյանի հետ տեղի ունեցածը

Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայ երկրպագուները հունգարացիներին ողջունել են պաստառ-հիշեցմամբ. «Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել»:

Այս մեսիջը 2004 թ. Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ողբերգական սպանության մասին էր:

Հայ սպան ՀՀ ԶՈւ պատվիրակության կազմում մասնակցում էր անգլերենի դասընթացի, որն իրականացվում էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով:

Դասընթացին մասնակցում էին երկուական ներկայացուցիչ նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից:

Գիշերը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ ու կացնահարելով սպանել քնած հայ սպային: Նա փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց դա նրան չէր հաջողվել:

Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին, սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով, որովհետև դասընթացի հայ մասնակիցները նրան իբր հրահրել և ծաղրել են:

Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։

Տեսանյութեր

Լրահոս