«ԿԳՄՍ նախարարը փորձել է մանիպուլյացիա անել». Բուհ չընդունված դիմորդի ծնող
Բուհեր չընդունված դիմորդների ծնողներն ԱԺ-ում երեք խմբակցությունների անդամ պատգամավորների հետ հանդիպումից այդքան էլ տպավորված չէին։
Ծնողներից մեկի՝ Մասիս Բաբալյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մի շարք հարցերի անդրադարձել է ոչ այն տրամաբանությամբ, ինչպիսին նրան ներկայացրել են իրենք։
«Մեզանից որևէ մեկը երբեք չի ասել, թե ինչու պետք է 7,5 միավոր հավաքած դիմորդն ընդունվի, իսկ բարձր միավորներ հավաքածները չընդունվեն։ Ինչպես տեսաք, տիկին Ստեփանյանը դա այդպես ներկայացրեց, ինչին ինքս միջամտեցի՝ նշելով, որ երբեք նման բան չի եղել։ Ուզում եմ մեկ հանգամանքի ևս անդրադառնալ, դրան ԿԳՄՍ նախարարը ևս անդրադարձել է, նույնիսկ փորձել է մանիպուլյացիա անել։ Տեսեք, իմ տղան ստացել է 15,75 միավոր և առաջին հայտը ներկայացրել է իրավաբանական ֆակուլտետում։ Նախարարն ասում է, որ ես ու իմ տղան այս աղմուկը բարձրացրել ենք նրա համար, որ դառնանք առաջին հայտով ուսանող։ Բարոյապես ո՛չ ես, ո՛չ էլ տղաս մեզ նման բան թույլ չենք տա»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Մասիս Բաբալյանը։
Նա շեշտեց, որ տեղի են ունեցել մի շարք խախտումներ, և ԿԳՄՍ նախարարը, որն ասում է, թե մասնագիտությունն են առաջինը դիտարկում, ապա կարող էին թույլ տալ, որ նույն մասնագիտությամբ դիմորդը մասնակցեր քննության։
«Մեր չընդունված դիմորդները լիազորել են փաստաբանին, որպեսզի նա դատարանում պաշտպանի իրենց շահերը»,- եզրափակեց ծնողը։
Հիշեցնենք՝ հուլիսի 21-ից բուհեր չընդունված դիմորդները, նրանց ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ԳԹԿ-ի, ԱԺ-ի, Կառավարության դիմաց։ Ծնողների բողոքի պատճառն այն էր, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ գերակայություն է տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝ այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր: Նրանք պահանջում են, որ դուրս մնացած դիմորդների համար ֆակուլտետներում տեղեր ավելացվեն, ապա առաջին կիսամյակի ավարտին խիստ քննության արդյունքում որոշեն՝ ո՞վ պետք է մնա, ո՞վ՝ ոչ: