Մալայզիայի նախկին վարչապետին մեղավոր են ճանաչել ներդրումային հիմնադրամից հափշտակումների մեջ
Մալայզիայի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքին մեղավոր է ճանաչել SRC International պետական ներդրումային հիմնադրամում տնտեսական հանցագործությունների գործով նրա դեմ առաջադրված մեղադրանքների բոլոր հոդվածներով, հայտարարել է դատավոր Մոհամադ Նազլանը:
«Քննության առնելով սույն դատավարությունում բոլոր ապացույցները՝ պարզվեց, որ մեղադրող կողմը հաջողությամբ ապացուցել է իր դիրքորոշումը»,- մեջբերում է անում նրա խոսքից The Star թերթը: Կառավարության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի յոթ կետերով, այդ թվում իշխանության չարաշահման, փողերի լվացման մեջ: Վնասի ընդհանուր գումարը, որը հասցվել է ներդրումային հիմնադրամին, կազմել է 42 միլիոն ռինգիտ (9,8 միլիոն դոլար): Այս գործով դատավարությունն սկսվել է անցյալ տարվա ապրիլի 3-ին, սակայն նիստերը մշտապես հետաձգվել են ամբաստանյալի փաստաբանների բացարկների պատճառով:
Նրան կարող է սպառնալ կալանավորում մինչեւ 20 տարի ժամկետով, ինչպես նաեւ մարմնական պատիժ ռոտանգի փայտերով հարվածների տեսքով: Բացի դրանից, նախատեսված է տուգանք հասցված վնասի գումարի հնգապատիկ չափով: Միաժամանակ Նաջիբը գլխավոր ֆիգուրանտն է նաեւ մի քանի այլ ավելի խոշոր կոռուպցիոն քրեական գործերով, որոնք կապված են 1MDB ներդրումային հիմնադրամի հետ: Ընդհանուր առմամբ Նաջիբը մեղադրվում է շուրջ 547 միլիոն դոլար գումարի հափշտակումների մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: