Իշխանությունը որոշել է քանդել ԲՀԿ-ն. Ծառուկյանն ասել է հեռախոսներն անջատեք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Առինջի իր տան բակում Ծառուկյանը խմբակցության նիստ է արել, որին չեն մասնակցել միայն օրերս խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը եւ Վարդան Ղուկասյանը, ով նիստի ժամանակ զանգել-ասել է, որ ինչ որոշում կայացնեն, կողմ է, դրսից հյուրեր ունի՝ դա է բացակայելու պատճառը:

Ծառուկյանը վճռական է տրամադրված եղել, սակայն կուսակիցներին հորդորել է թայմ աութ վերցնել, գնալ հանգստի, չմեկնաբանել Բագրատյանի դուրս գալը:

«Թող Բագրատյանին հարցնեն»,- ասել է նա ու տեղեկացրել, որ ինքն էլ տեղյակ չի եղել նրա դուրս գալու մասին, բայց կռաhում է, թե ինչու եւ ինչպես:

Պատգամավորներին հասկացրել է, որ պինդ մնան, չվախենան կոմպրոմատներից:

Մեր տեղեկություններով, իշխանությունը շատ վճռական է տրամադրված՝ որոշել է քանդել ԲՀԿ-ն։ Եվ դրա համար այլ բան չեն կարողանում մտածել, քան քրեական գործերով վախեցնելն է ու ստիպելը, որ դուրս գան խմբակցությունից։

Շատ ինտենսիվ աշխատում են Վարդան Ղուկասյանի, Միքայել Մելքումյանի, Արթուր Գրիգորյանի, Վարդեւան Գրիգորյանի վրա։ Նրանց, ում չեն կարող կոմպրոմատներով նեղել, փորձելու են «գնել»։

Օրինակ, Վահե Էնֆիաջյանին՝ որպես խոստումնալից կադրի, համոզելու են անցնել իրենց շարքերը: Տեղեկություններ կան, որ անձնական բնույթի կոմպրոմատներ էլ են շրջանառության մեջ դնելու, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու:

Հավաքը կարճ է տեւել, Ծառուկյանը բարի հանգիստ է մաղթել, ասել է՝ հեռախոսներն անջատեք, կտրեք կապն արտաքին աշխարհի հետ, մինչեւ հասկանանք, թե ինչ է լինում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս