«Քննարկումներից հետո պատգամավորները կասեն իրենց դիրքորոշումը». Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի ռազմական ագրեսիայի հետ կապված բավականին ակտիվ գործունեություն են ծավալել ԱԺ պատգամավորները։
«Գիտենք, որ խորհրդարանական դիվանագիտության արդյունքները, հնարավոր չէ՝ ակնհայտ լինեն մեկ օրվա ընթացքում։ Բայց այս 2 տարվա աշխատանքների արդյունքում պատգամավորներն իրենց գործուղումների արդյունքում կարողանում էին ճիշտ ներկայացնել Հայաստանի շահերից բխող բոլոր շեշտադրումները, ինչպես նաև այնպիսի գործընկերային կապ հաստատել, որն այս ընթացքում հնարավորություն կտար արագ արձագանքման միջոցով անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիային»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Լիլիթ Մակունցը։
Անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին, Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» բավարար ժամանակ ունի, որպեսզի կարողանան նախ թեկնածուին ուղղեն իրենց հուզող բոլոր հարցերը, ինչպես ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, այնպես էլ նախապես հանդիպում կազմակերպելով։
«Հանդիպում կազմակերպելուց և մեր հարցերը տալուց հետո, իհարկե, պատգամավորները կձևավորեն իրենց դիրքորոշումը»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։