Գերմանիայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, չմասնակցել Գերմանիայի իշխանության կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել սադրիչների հետապնդած նպատակին՝ արդեն իսկ առկա լարվածության աճին:
Դեսպանը նախ հիշեցրել է, որ վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր: Հրկիզվել է ԳԴՀ֊-ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։ Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։ Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում»,- նշել է Սմբատյանը:
Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։