«Եթե չի եղել, հանձնաժողովը որտեղի՞ց է հնարել դա»

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը խախտել է օրենքը և դեղեր ձեռք է բերել շուկայականից բարձր գնով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Պետրոսյանը:

«Իհարկե, եղել է նման բան: Եթե չի եղել, հանձնաժողովը որտեղի՞ց է հնարել դա»,- նշեց Հայկ Պետրոսյանը: Միաժամանակ նա նշեց, թե չի կարող պարզաբանել՝ ինչո՞ւ է հիվանդանոցը նման քայլի դիմել. «Այն ժամանակ, որ պիտի մրցույթ հայտարարվեր, ես չեմ եղել հիվանդանոցի տնօրենը: Ես նոր տնօրեն եմ, մայիսից եմ աշխատում, և նախկինի գործունեության մասին ոչինչ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ երեկ ՏՄՊՊՀ-ն (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) հրապարակել էր դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունները:

Պարզվել էր, որ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ն անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Վերջիններս, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ: ՏՄՊՊՀ-ն հաշվարկել է, որ պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս: Նշված բուժհիմնարկների շարքում են եղել «Նաիրի», «Քանաքեռ-Զեյթուն», Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնները, «Երևանի քաղաքային շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն, առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, հակատուբերկուլյոզային դիսպանսերը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս