«ՍԴ 2 դատավորների՝ արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում». Ռուստամ Բադասյան

Այսօր Վազգեն Սարգսյան 3 հասցեում (նախարարությունների շենք) տեղի ունեցավ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

Քաղաքացիներն այսուհետ միասնական կենտրոնից կարող են ստանալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ:

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։

«Նախ՝ եկեք հաշվի առնենք՝ ինչի արդյունքում է առաջացել այս իրավիճակը. որովհետև ՍԴ 2 դատավոր գնացել են արձակուրդ, այսինքն՝ արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում: Հետևաբար՝ սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ երկու դատավորի՝ արձակուրդ մեկնելու պատճառով է առաջացել»,- գրասենյակի բացման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ճգնաժամ հիմա չկա Սահմանադրական դատարանում, երբ քվորում չկա ՍԴ-ում, տապալվում են աշխատակարգային նիստեր, ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ ոչ մի խնդիր չի առաջանա, ՍԴ դատավորների առաջադրումները շուտով կկատարվեն, ԱԺ-ն բարեվարքությունը ստուգելու համար կուղարկի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին թեկնածուների մասով, և բավական շուտ ժամանակահատվածում ՍԴ-ն կգործի ամբողջ կազմով:

«Ես դա ճգնաժամ չէի անվանի, իսկ խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ 2 դատավոր որոշել են, որ պետք է մեկնեն արձակուրդ»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս