«Քոչարյանի հայտարարությունը ժողովրդին չհարգելու դրսևորում է»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու առթիվ արված հայտարարությունից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր, թե ինքը չի հավատում, որ այդ հայտարարությունն
արել է Ռ. Քոչարյանը, և, որ դա պետք է ճշտվի:
Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյո՞ք Ռ. Քոչարյանից ստացել է արձագանքներ իր այդ հայտարարության կապակցությամբ: «Համենայնդեպս, դեռևս Ռոբերտ Քոչարյանից արձագանքներ չկան: Հավատա՞մ, թե՞ չհավատամ` ես պատասխանում եմ, որ այդ գաղափարն ինքնին փուչիկ է, որևէ արժեք չի ներկայացնում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա, Քոչարյանն Օսկանյանի գործի վերաբերյալ իր տեսակետը պետք է հայտներ ոչ թե հայտարարության ձևով, այլ մեկ այլ տարբերակով: «Մեր ժողովուրդը հարգանքի արժանի է: Տարբեր հրապարակումով, որևէ հեռուստաընկերությունով կամ որևէ մամուլի ասուլիսով ներկայացներ: Սովորաբար նման մոտեցումները ձևավորված պարզապես ավելի թափանցիկ են ներկայացվում: Իսկ ես չեմ կարծում, թե Ռ. Քոչարյանի խնդիրն էր` թաքուն մի բան ներկայացներ»,- ասաց Գ. Սահակյանը: Ճեպազրույցից հետո մենք մի քանի հարցեր ուղղեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավարին:
– Պարոն Սահակյան, Ռ. Քոչարյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ իշխանությունները չպետք է այդպես վարվեին մասսայականություն վայելող գործչի հետ: Չե՞ք կարծում, որ դա ակնարկ է, որ հարկ եղած դեպքում ժողովրդին կարող են ոտքի կանգնեցնել:
– Ոչ, չեմ կարծում, իհարկե: Մենք մասսայականություն վայելող շա՜տ գործիչներ ունենք: Վարդան Օսկանյանը բավականին լուրջ, բարեկիրթ անձնավորություն է, բայց չեմ կարծում, որ այնպիսի ֆունդամենտալ գործոն է եղել պետության համար, որը հնարավորինս մեծարանքների պիտի արժանանար: Իհարկե, մեծարանքը նաև այն է, որ մարդն ապրում է ճիշտ, բարեկիրթ: Այս հատվածով, իրոք, կարելի է շատ դրական խոսել Վարդան Օսկանյանի մասին, բայց միևնույն ժամանակ` հարցադրումներ գոյություն ունեն հասարակության մեջ, որոնցից մեկին ես մասնակցել էի, երբ վիճում էին. վիճող կողմերից մեկն ասաց` Հայաստանում որևէ այլ քաղաքացի կարո՞ղ է լինել, որ որևէ անձնավորության 2 միլիոն փող վստահի և ասի, թե` կատարի բարեգործություն, որովհետև բարեգործություններն էլ ինքնանպատակ չեն լինում:
Այսինքն` խնդիր կա հասարակության մեջ, տարբեր կարծիքներ կան, իսկ այդ կարծիքների պատասխանը պետք է կարողանա տալ մեր հանրությունը, ինքը` պարոն Օսկանյանը: Այդ առումով մենք ունենք լիազոր մարմիններ, որոնք պետք է կարողանան որոշակի գնահատական տալ տվյալ դեպքում այն իրողությանը, որով Դատախազությունը միջնորդագրով մտավ Ազգային ժողով:
– Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Վ. Օսկանյանը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների զոհն էր, և, որ այդ կարգավիճակում կարող են հայտնվել 131 պատգամավորները, այդ թվում` ՀՀԿ-ական պատգամավորները: Ըստ Ձեզ` ինքներդ ապահովագրվա՞ծ եք նման քաղաքական սցենարից:
– Նախևառաջ ասեմ, որ դա էլ մի նոր սցենար է մեր քաղաքական իրականության մեջ, որ փորձում են զոհի կարգավիճակում որոշակի համարում ձեռք բերել, որովհետև մեր ժողովրդի, նույնիսկ կասեի` դրական մենթալիտետն է, որ երբ որևէ մեկը հայտնվում է` կոշտ չասեմ` դժբախտության մեջ, այլ խնդիրներ է ունենում, ժողովրդի հակվածությունը, վերաբերմունքը փոխվում է, բայց դա` առաջին պահին, իսկ հետագայում, երբ վերլուծվում է, զգալի է դառնում այն, որ նման հեղինակություններն իրենց պաշտպանված պիտի զգան ոչ թե իրենց նախկին ձեռք բերված հեղինակությամբ, այլ, ինչը շատ դժվար է, մինչև վերջ պաշտպանեն իրենց հեղինակությունը:
– Դուք այսօրվա ճեպազրույցի ժամանակ բավական վստահորեն հայտարարեցիք, որ եթե ԲՀԿ-ն մասնակցեր Վ. Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի ներկայացրած միջնորդության քվեարկությանը, ապա կողմ ձայներն ավելի շատ կլինեին: Ինչո՞վ է պայմանավորված նման վստահությունը:
– Ես այդ կարծիքին եմ, որովհետև պատգամավորների մեծ մասը բավականին ճանապարհ է անցել և նույն սկզբունքով է գնացել` չխոչընդոտել համապատասխան համակարգի աշխատանքները: Այսինքն` երբ հարցադրում են անում. ինչո՞ւ են մտնում Ազգային ժողով, իսկ մտնում են Ազգային ժողով, որպեսզի ավելի հրապարակային լինեն հետագա ընդհանուր գործողությունները: Այսինքն` դա հանրային հնչեղության դեպք է, և՛ ԱԺ-ն, և՛ հանձինս ԱԺ-ի` հանրությունը, այդ գործի նկատմամբ բավականին լուրջ վերահսկողություն կիրականացնեն: Եվ մեղադրող կողմը պարտավոր է, որպեսզի հասարակությանը մատուցի լիարժեք իրողություն, քանի որ դրանից է կախված նաև հասարակության մոտեցումը` և՛ պետության, և՛ իշխանությունների նկատմամբ:
– Շրջանառվող խոսակցությունների համաձայն` երկուշաբթի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնելու է կա՛մ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, կա՛մ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Եթե Գ. Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ապա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
– Կարծում եմ, որ նախագահական ընտրություններում, բնականաբար, ճիշտ չի լինի, որ մեր ազգը մեկ թեկնածուով հանդես գա: Կլինեն շատ թեկնածուներ, և ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է առաջադրվել: Դա մրցակցություն է, և երկրի նախագահ կդառնա նա, ով կկարողանա հաղթել այդ մրցակցությունում: