Ինչո՞ւ է Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել
168.am-ը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր ձեռնպահ քվեարկել «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրին:
«Մեր խմբակցությունը որոշել էր ազատ քվեարկել այս հարցով: Մենք երեքով էինք դահլիճում` ես և Վահան Հովհաննիսյանը ձեռնպահ էինք քվեարկել, Արծվիկ Մինասյանը դեմ էր քվեարկել: Ամբողջ խնդիրն այն է, որ այս արձանագրությունը, փաստորեն, կրկնում է այն նույն դրույթները, ինչ մենք նախկինում ունեինք Ռուսաստանի հետ` իբրև երկկողմ համաձայնագիր: Եվ այս առումով որևէ էական փոփոխություն չենք տեսել այստեղ: Մեկնաբանությունները, հրապարակախոսական նյութերը, որոնք փորձում են սա ներկայացնել` իբրև Հայաստանի ինքնիշխանության կորուստ և այլն, այս հարցերին պետք է անդրադառնային դեռևս այն ժամանակ, երբ այս համաձայնագիրը կնքվում էր Ռուսաստանի հետ: Այնպես որ` կարծում եմ` սխալ ուղղությամբ են կատարվում մեկնաբանությունները»:
Իսկ հարցին, թե արդյոք տվյալ համաձայնագրով որևէ վտանգ չե՞ք տեսնում Հայաստանի համար, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա, բայց այս համաձայնագիրն ունի նույն դրույթները, ինչ, կրկնում եմ, մենք ունեինք Ռուսաստանի Դաշնության հետ: Ուղղակի ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակն է ընդլայնվում, այնպես որ` մնացյալը, կարծում եմ, մեր պետության խնդիրն է, պետության ճիշտ աշխատանքի և իր ինքնուրույնությունն ապացուցելու խնդիրն է»: