«Տաճարը մզկիթի վերածելու գործընթացը կարող ենք դիտարկել Էրդողանի իսլամական քաղաքականության համատեքստում». Գոռ Գևորգյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գործընթացը Թուրքիայի ներքաղաքական հիմք ունեցող գործողություն էր։

«Նաև արտաքին հիմք ուներ, որի արձագանքը որոշ երկրներ արդեն տվել են, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է իր դիրքորոշումը։ Այն ըստ էության հավասարակշռված է և հիմնված հստակ ազդակների վրա։

Նախ պետք է հասկանանք, որ Սոֆիայի տաճարի պատմամշակութային արժեք լինելու հանգամանքը նաև կապվում է Աթաթուրքի ժառանգության հետ։ Էրդողանի վարած քաղաքականության ամբողջ բովանդակային գործընթացը նշմարում է  Աթաթուրքի թողած ժառանգությունից սահմանազատվելու գործընթացը։ Տաճարը մզկիթի վերածելու գործընթացը կարող ենք դիտարկել Էրդողանի ընդհանուր տարածաշրջանային և իսլամական քաղաքականության համատեքստում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը։

Պատգամավորի կարծիքով՝քրիստոնեական քաղաքակրթության ժառանգության նկատմամբ  նման դիրքորոշում հայտնելը չի վկայում, որ Թուրքիան որևէ կերպ կարող է քաղաքակիրթ աշխարհի հետ ստեղծել այն երկխոսության կամուրջները, որի մասին նա տարիներ շարունակ խոսել է։

Հիշեցնենք, Թուրքիայում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարանի կարգավիճակ չունի, այն Բարձրագույն դատական մարմնի որոշմամբ՝ վերածվելու է մզկիթի։ Այս որոշումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը, և այն կվերաբացվի՝ որպես մզկիթ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս