«Այս ամենն ի ցույց դրեց, որ վերահսկողության մեխանիզմների հարցը շատ ակտուալ է». Արծրուն Հովհաննիսյան
Որքանով է աշխատել օպերատիվ կապը, որի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերելակային հանդիպումից հետո հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցին, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս լարված օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն ինտենսիվ աշխատում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և նրանց օգնականների հետ ուղիղ կապի ֆորմատով:
«Եվ հիմնականում այս ֆորմատն է եղել քննարկումների և կապի հիմնական աղբյուր»,-շեշտեց նա:
Ինչ վերաբերում է հրադադարի հաստատման պայմանավորվածությանը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հստակ բան ասել չի կարող:
«Բայց մի բան ակնհայտ է` այս ամենն ի ցույց դրեց, որ վերահսկողության մեխանիզմների հարցը շատ ակտուալ է»,-ընդգծեց ռազմական վերլուծաբանը:
Այս համատեքստում խոսելով այս պահին Ադրբեջանի տարօրինակ լռության մասին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ տարիների ընթացքում տեսել ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարատեսակ լռություններ, որոնք նշանակել են պլանավորում կամ միտումնավոր ինչ-որ իրավիճակի ընտելացում, որ հաջորդ փուլում ինչ-որ սադրանքներ կատարվեն:
«ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, տիրապետում են ամբողջ ինֆորմացիային, դիտարկում են, և տեսանելի է հակառակորդի թե ցամաքային, թե օդային ցանկացած գործողություն: Եվ այդ սադրանքներին ՀՀ զինված ուժերը պատրաստ են պատասխան տալ, անհրաժեշտության դեպքում` շատ ցավոտ կանխարգելիչ հարվածներ հասցնել»,-եզրափակեց ռազմագետը: