Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է, և բաց թողնելով ներկա պահը` նա ստիպված կլինի հաշվի նստել ավելի լուրջ իշխանությունների հետ. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը և այս առիթով քաղաքագիտական դիտարկում կատարել։ Աղասի Ենոքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Փառք մեր բանակին, որ արդեն քանի օր է, հաջողությամբ ետ է մղում ադրբեջանական գրոհները` նրան պատճառելով մարդկային, տարածքային և նյութական կորուստներ։

Կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ հենց հիմա Իլհամ Ալիևը վերսկսեց պատերազմը։ Պետք է ընդունենք, որ սա իրոք պատերազմ է, ոչ թե ինչ-որ պատահական դիվերսիոն ներթափանցում։ Դիվերսիայի անհաջող փորձեր էլի են եղել, սակայն հակահարված ստանալով, Ադրբեջանը ետ է մղվել և լռել։ Իսկ այժմ ընթանում են լայնածավալ մարտեր, այդ թվում՝ ավիացիայի, տանկերի և խոշոր տրամաչափի հրետանու կիրառմամբ։

Երբ 2018թ․ Հայաստանի նոր իշխանությունների համաձայնությամբ ղարաբաղյան բանակցություններից դուրս եկավ սահմանին մոնիթորինգի մեխանիզմների հզորացման սկզբունքը, Ադրբեջանն այն ընդունեց որպես ռազմական գործողությունները վերսկսկելու «դաբրո» միջազգային հանրության կողմից, և կարող էր հարձակում սկսել ցանկացած պահի, սակայն գործողությունները վերսկսեց միայն 2 տարի անց։

Միջազգային բնագավառում Ադրբեջանը հասել է լուրջ հաջողությունների։ Դրա ապացույցն է եվրոպական կառույցներից ձեռք բերված «ըմբռնումը», որ ինքը իրավունք ունի հարցերը լուծել ուժի կիրառմամբ կամ երեկվա ՎՈՒԱՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի արձագանքները, որոնք կամ չեզոք էին, կամ ադրբեջանանպաստ։ Ռազմական գործողությունների վերջնական արդյունքը պետք է ֆիքսվի միջազգային փաստաթղթով և այս առումով հիմա իրավիճակը նպաստավոր է Ադրբեջանի համար։
Խիստ պարզունակ եմ համարում այն բացատրությունները, որ Դուշանբեի վերելակային հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է եղել, թե Իլհամ Ալիևը պարտավորվել է Աշոտ Փաշինյանի ծառայության ընթացքում լայնածավալ ռազմական գործողությունները չվերսկսել, հիմա Աշոտը տուն եկավ, և Իլհամին էլ ոչինչ չի խանգարում։

Իսկ ոչ ոք չի թաքցնում, որ վերելակում իրոք պայմանավորվածություններ եղել են։ Դուշանբեից հետո դադարեցին փոխհրաձգությունները, որը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որպես իր խաղաղասիրության նվաճում, և Իլհամ Ալիևը նրան հնարավորություն տվեց ամրապնդել իր իշխանությունը։ Անցած երկու տարիները հաստատեցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումը նշանակում է Հայաստանի Հանրապետության թուլացում։ Անցած երկու տարիների ընթացքում մենք կորցրել և ծայրահեղորեն թուլացրել ենք պետականության բոլոր ինստիտուտները, ընդհուպ մինչև՝ Սահմանադրական դատարանի կորուստը, այժմ ՀՀ բոլոր պետական ինստիտուտներն արդեն մարմնավորված են մեկ մարդու տեսքով, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

Մյուս կողմից, բոլոր այսպիսի զարգացումները հանգեցրել են ընդդիմության միավորմանն ու ուժեղացմանը։ Ընդդիմությունը, որը 2018թ․-ից կաթվածահար վիճակում էր և շարունակական քարոզչական, ֆինանսական և դատական հետապնդումների տակ էր, այժմ վերջապես ինստիտուցիոնալացվում է, և իշխանության հայտ է ներկայացնում, որն արդեն էական է։

Իլհամ Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն արդեն իրատեսական է և բաց թողնելով ներկա պահը` նա հետագայում ստիպված կլինի հաշվի նստել ավելի լուրջ հայկական իշխանությունների հետ։

Եթե ներկայացված սիլոգիզմի մեջ տրամաբանական հատիկ կա, ապա պետք է սպասել, որ Ադրբեջանը կշարունակի, կինտենսիվացնի պատերազմը և կներառի նորանոր ճակատներ՝ հետապնդելով իր համար նպաստավոր միջազգային լուծումը։

Ի՞նչ անել․ բնական են կոչերը համազգային համախմբման և թշնամուն միասնական պատասխան տալու։ Դրա իրագործման փոքրիկ օրինակներից էր կամավորների համախմբումը Ադրբեջանի միջազգային բնագավառում սանձազերծած քարոզչական պատերազմին դիմագրավելու գործում։ Ժամանակին դա համարվում էր պետության գործառույթը, բայց այժմ պետական այդ ինստիտուտները զբաղված են ընդդիմության դեմ պայքարելով, և պետք չէ հույսը պետության վրա դնել։

Արդյո՞ք պետք է ընդդիմությունը լռի, դադարեցնի իր գործունեությունը, Ալիևը համոզվի, որ իր նախընտրելի հակառակորդ Նիկոլ Փաշինյանի իշխանազերծման վտանգը չկա, և դադարեցնի ռազմական գործողությունները։ Կարծում եմ՝ ոչ: Նախ արդեն սանձազերծված պատերազմը կդադարի միայն անհրաժեշտ ռազմական հակազդման կամ միջազգային փաստաթղթի ընդունման, բայց ոչ հայկական ընդդիմության անհետացման դեպքում, երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով ընդդիմության լռությունը, կսևեռվի «ներքին ճակատի» վրա, կավելացնի ճնշումները` փորձելով արմատախիլ անել ընդդիմախոսությունը, և երրորդ՝ այն պայմաններում, երբ միջազգային բնագավառում Ադրբեջանին հակազդելու բոլոր միջոցները մոտ են սպառվելուն, ընդհուպ մինչև՝ արդեն չունենք անգամ Սահմանադրական դատարան, որը կհակազդի վարչապետի կամայական որոշումներին, ուժեղ ընդդիմությունը պետք է դառնա այն կարևոր արգումենտը, որի վրա հղում անելով Նիկոլ Փաշինյանը կարող է դիմադրել Իլհամ Ալիևի և միջազգային հանրության ճնշումներին»։

Տեսանյութեր

Լրահոս