Հիմա բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին. Միքայել Մինասյան
«Հիմա կենաց ու մահու պայքար է։ Ու մեզ մնում է միայն աղոթել մեր զորքի համար՝ ամուր պահելով թիկունքը և ոգին»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցող լարվածությանը։ Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը։ Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին և օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։
Հետո իհարկե կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, ինչու առաջին անգամ Ադրբեջանը հանդգնեց այս ուժգնության ռազմական ագրեսիայի դիմել հայ-ադրբեջանական սահմանին, ինչու ՀԱՊԿ-ը կրկին կրավորական կեցվածք ընդունեց, ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ` վտանգավոր խաղ սկսեցին։ Պետք է հասկանանք, թե այդ ինչպես են մեր զինվորների տվյալները հասանելի, իսկ պետական առցանց ռեսուրսները խոցելի դարձել թշնամու համար, ինչու է Նիկոլ Փաշինյանը թշնամու լայնածավալ հարձակումը «ռազմական միջադեպ» որակում, իսկ նրա կինը հերթական խաղաղասիրական նախաձեռնությամբ մեջ ընկնում՝ կանխատեսելի վերջաբանով։ Սրանք ուղղակի հարցեր չեն, այլ գոյաբանական խնդիրներ, որոնց պատասխաններից է կախված մեր պետության ապագան։
Այս հարցերը տալու և պատասխանները ստանալու ժամանակը կգա։ Հիմա այդ պահը չէ։ Հիմա կենաց ու մահու պայքար է։ Ու մեզ մնում է միայն աղոթել մեր զորքի համար՝ ամուր պահելով թիկունքը և ոգին։
Նահանջի տեղ չկա։
Հ.Գ. Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին։ Նրանց գործն արդար է»։