«Պատնեշը, որին հանդիպեց թշնամին, և տարած կորուստները հուշում են, որ շատ շուտով Ալիևը կարող է կանգ առնել». Ադրբեջանական հարցերով փորձագետ

Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ադրբեջանի հետագա գործողությունները կախված են միջազգային հանրությունից, քանի որ միջազգային կարևորագույն խաղացողները պետք է կոչ անեն դադարեցնել կրակը։

«Այդ ընդհանուր ֆրազները, որոնք այնքան սովորական են դարձել, որ արդեն ուշադրություն էլ չենք դարձնում, նշանակում է, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի, որ իրավիճակը թեժանա։ Սակայն այստեղ հարց է, թե որքանով Ալիևը կլսի կամ կհետևի այդ խորհրդին՝ չեմ կարող ասել, քանի որ չեմ պատկերացնում նրա զայրույթի մակարդակը՝ հաշվի առնելով, որ նա շատ բարձրաստիճան սպա է կորցրել ժամեր առաջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը։

Թե ինչո՞ւ այս անգամ Ալիևը սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանում՝ հարցին, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց՝ նախ Ալիևը վերջին տարիներին շատ հստակ, հետևողական պնդում էր և խոստանում էր, որ վերադարձնելու է Երևանը, Սևանը և այլն։

«Ալիևի տեսակետից Հայաստանի սահմաններից ամենահեշտ ու խոցելի թիրախը Տավուշն էր, այդ պատճառով էլ որոշեցին սադրիչ գործողություններ կատարել։ Կարծում եմ՝ այստեղ փորձելու քայլեր էր, այսինքն՝ տեսնի, թե որքան է հայկական կողմը խոցելի, թույլ, որպեսզի կարողանա առաջ գնալ։ Սակայն հաշվի առնելով այն պատնեշը, որին հանդիպեց թշնամին, և այն կորուստները, որոնք տարան, ինձ հուշում է, որ շատ շուտով Ալիևը կարող է կանգ առնել»,- հավելեց Ա. Ադիբեկյանը։

Հարցին՝ որքանո՞վ է այս ամենը կապված Ադրբեջանի ներքին խնդիրների հետ, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց, որ հենց այնպես ոչինչ չի լինում, և ամեն ինչ  ինչ-որ բանի հետ փոխկապակցված է։

«Ադրբեջանի ներքին խնդիրները՝ մի կողմից, կորոնավիրուսը, նավթի էժանացումը՝ մյուս կողմից, նաև լարվածությունը բարձրաստիճան չինովնիկների շուրջ, որոնցից են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները։ Այդ անձանց նկատմամբ շատ լուրջ հասարակական զայրույթ կար»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի երեկվա խաղաղասիրական կոչին, փորձագետը նշեց, որ այս կոչը որևէ արդյունք չի կարող տալ։

«Այս երկու տարվա ընթացքում Աննա Հակոբյանի որևէ նախաձեռնություն և ծավալած գործունեություն օգտակար չի եղել և չի բերել այն արդյունքը, որը նա նախատեսում էր կամ պլանավորում էր։ Այս բոլոր գործողություններն անիմաստ են՝ ելնելով իր ներքին պատկերացումից և նրանից, թե որն է ճիշտ։ Դրանք ապարդյուն, անիմաստ ռեսուրսի վատնում է և հասարակությանն իր դեմ լարելու գործողություն»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս