Բաժիններ՝

5 ամիս է՝ արվեստագետները պետության կողմից ոչ մի աջակցություն չեն ստանում, բոլորը անտեսված են. Վերնիսաժի աշխատողները՝ չլուծվող խնդրի մասին

Երևանի քաղաքապետարանն ընդառաջել է Վերնիսաժի տարածքում տաղավարներ  վարձակալած տնտեսվարողներին: Նրանք ամեն ամիս 32.000 դրամի փոխարեն՝ կվճարեն 16.000 դրամ:

Արվեստագետների փոխանցմամբ՝ մարդիկ քիչ են այցելում, գնորդ չկա:

«Կես գին են սարքել, էլի լավ է, ուղղակի ոչ զբոսաշրջիկ կա, ոչ էլ տեղական գնորդների շարժ, բայց այս վիճակը բնական է, քանի որ արտասահմանից զբոսաշրջիկների հաշվին է միշտ սեզոնային առևտուրը լավ եղել Վերնիսաժում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նկարիչներից Մերուժան Խաչատրյանը:

Արմեն Բարսեղյանի փոխանցմամբ էլ՝ սահմանների փակ լինելու պատճառով առևտուր չկա:  Նկարիչներն էլ բոլորը չէ, որ գալիս են, երևի մի 30-40 հոգի:

Բացի այս՝  նրանց ևս մեկ հարց է հուզում. չգիտեն, թե ո՞ւմ դիմեն, ինչպե՞ս գրանցվեն:

«Մեկ այլ հարց կա, մենք ժողովրդական վարպետներ ենք, Նկարիչների միության անդամներ, սակայն այս երկու կառույցներն էլ չգիտեն, թե ինչպես աջակցեն մեզ: Վերջերս գնացել ենք Ժողովրդական վարպետների միություն՝ դռները փակ էին: Վիճակն էլ այնքան խառն է, մենք էլ՝ անտեսված, չենք կարողանում գնալ քաղաքապետարան ու հասկանալ, թե ի՞նչ ենք անելու: Ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուները գալիս են Վերնիսաժ ու հարցնում՝ ի՞նչ հոգս ունեք, ասում ենք:

Ընտրությունների ավարտից հետո կրկին բարձրաձայնում ենք մեր դարդն ու ցավը, բայց ոչ ոք չի արձագանքում:  5 ամիս է՝ արվեստագետները պետության կողմից ոչ մի աջակցություն չեն ստանում, բայց մենք էլ ընտանիք, երեխա ունենք: Բոլորս պետության կողմից անտեսված ենք: Վերնիսաժի տնօրինությունն է անգամ դիմել քաղաքապետարան, որ մեզ աջակցեն, մեկը մյուսի վրա է գցել, հարցը մնացել է օդում: Ուզում ենք, որ մեր հայրենիքում մեզ մարդու տեղ դնեն, գոնե մի փոքր ուշադրություն դարձնեն:

Գրել եմ նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին, վերջինն արձագանքել է, մեր դարդն ու ցավն ասել ենք, այդպես էջը փակվել, մնացել է: Գոնե տեր կանգնեն. ոչ Մշակույթի նախարարություն կա, ոչ զբաղվող, չեն հետաքրքրվում, թե այս մարդիկ ինչպե՞ս են ապրում: Չգիտենք, թե որտեղ պետք է գրանցվենք: Ազնիվ աշխատում ենք, այսրօվա դրությամբ մշակութային առաջին կենտրոնը Վերնիսաժն է, մեր շնորհիվ զբոսաշրջիկը գալիս է, պետական բյուջե  գումար է գնում, այսինքն՝ մենք էլ ենք, չէ՞, նպաստում այդ ամեն ինչին»,- նշեց Արմեն Բարսեղյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս