«Իրավիճակը հանգիստ է, վերահսկելի. որևէ մտահոգող խնդիր չկա». Արցախի նախագահի խոսնակը՝ արցախաադրբեջանական սահմանի մասին
«Արցախում ամեն ինչ հանգիստ է, առաջնագծում՝ նույնպես, որևէ մտահոգիչ խնդիր այս պահին չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախում առաջնագծի ընդհանուր իրավիճակին։
Նրա խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն վերահսկել իրավիճակը և կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
«Հաշվի առնելով Տավուշի մարզի սահմանային գոտու իրավիճակը, ՊԲ-ն լրացուցիչ միջոցներ է կիրառել ոչ թե առաջնագծում, այլ Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով, Ադրբեջանի խորքում բոլոր տեղաշարժերը վերահսկելու համար։ Եվ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ իրավիճակը հանգիստ է, վերահսկելի՝ որևէ մտահոգող խնդիր չկա։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք սրանով պետք է հանգստանանք, հավաստիացնում եմ, որ բոլոր միջոցառումները գործադրվում են, որպեսզի հնարավոր արկածախնդրության դեպքում Ադրբեջանին արժանի հակահարված տանք»,- եզրափակեց Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանական կողմը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը՝ կրակ արձակելով նաև գյուղերի ուղղությամբ։