Բաժիններ՝

ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ «Յունիբանկ»-ին 21 մլն ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են վստահությունը չարաշահելու եղանակով «Յունիբանկ» ԲԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, 2013թ. հունվարի 30-ին, իր ղեկավարած ՍՊԸ-ի եւ «Յունիբանկ» ԲԲ ընկերության միջեւ կնքված գլխավոր վարկային պայմանագրի եւ նշված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերի հիման վրա, բանկից 2013-2014թթ. ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 299.151.120 ՀՀ դրամին համարժեք 760.000 ԱՄՆ դոլար վարկ՝ բանկին որպես գրավ հանձնելով ՀՀ տարածքում գտնվող մի քանի անշարժ գույք:

Այնուհետեւ՝ 2016թ. փետրվարի 23-ին ընկերության տնօրենը դիմել է բանկ՝ խնդրելով գրավադրված գույքերից Երեւան քաղաքի Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակելի տան փոխարեն որպես գրավ հանձնել Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող համապատասխան արժեքով անշարժ գույքը:

Ստանալով «Յունիբանկ» ԲԲ ընկերության համաձայնությունը՝ վերջինս նշված ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ, խաբեության եղանակով գնահատմանն է ներկայացրել ոչ թե Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի՝ իրեն պատկանող վերոհիշյալ անշարժ գույքը, այլ նույն շենքում գտնվող համարժեք մակերեսով, անհամեմատ ավելի բարձր արժեք ունեցող անշարժ գույքը: Արդյունքում՝ Բանկի եւ ՍՊԸ-ի միջեւ 2016թ. հուլիսի 4-ին կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 37-րդ շենքի 23-րդ հասցեում գտնվող՝ փաստացի 25.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեք ունեցող անշարժ գույքը 46.000.000 դրամ լիկվիդացիոն արժեքով գույքի փոխարեն հանձնվել է բանկին որպես գրավ՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը խաբեության եղանակով պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 21.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս