Կարապետիչը մեկնում է հանգստի

Տիգրան Կարապետյանը հոկտեմբերի 8-ին կմեկնի հանգստի և վերադառնալուց հետո կառաջադրի իր թեկնածությունը 2013-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին: Այս մասին, ըստ «Արմենպրեսի»` հոկտեմբերի 4-ին ասել է անձամբ Ժողովրդական կուսակցության հիմնադիր-նախագահը:

Իսկ մինչ այդ նա հույս է հայտնել, որ մեր ժողովուրդը կգա այն ինքնագիտակցությանը, որ պետք է ինքնակամ հրաժարվի ընտրակաշառքներից և կատարի արդար ընտրություն: «Եթե գա այդ օրը, ընտրություններին առաջարկվող իմ ծրագիրն անպայման կընդունվի և կգնահատվի ժողովրդի կողմից»,-ասել է Տիգրան Կարապետյանը` հավելելով, թե ինքը խիստ քննադատում է թե մեր երկրում իշխող և թե ընդդիմադիր ուժերին:

«Ինձ ոչ միայն մեր իշխանական կազմի գործունեությունն է հուզում, այլ նաև ընդդիմության: Մեր երկրում ժողովուրդը սկսել է չվստահել նույնիսկ ընդդիմությանը` նրանց կատարած ինչ-ինչ քայլերի պատճառով: Ես զարմանում եմ մեր ժողովրդի գիտակցության վրա, թե ինչպես կարող են նրանք վերցնել ընտրակաշառք ու գնալ ընտրության և նույնիսկ խիստ վիրավորվեն այն հանգամանքից, որ իրենց ոչ մի բան չի հասել: Ձայնը գանձ է: Ես հավատում եմ, որ ուշ թե շուտ կգա այն օրը, երբ մեր հայրենակիցները գիտակցաբար ընտրակաշառք չեն վերցնի և կքվեարկեն արդար»,- ասել է Տիգրան Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս