Մարտնչող տգիտության զինվորները

Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ և ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի:

Պարգևներն այսօր մանկավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարգևներից բացի, Հովիկ Աբրահամյանն ուսուցիչներին ու ոլորտի մասնագետներին է փոխանցել նաև իր շնորհավորական խոսքը` բնականաբար, համեմված տասնյակ բարձրագոչ արտահայտություններով, ուսուցչին ու գիտելիքը գնահատող ճռճռան բառերով ու մեծարանքի խոսքերով:

Ուսուցիչները, բնականաբար, շոյվել էին անձամբ ԱԺ նախագահի հետ հանդիպելու ու նրանից պարգևներ ստանալու փաստից, ինչը նկատվում է նաև Հովիկ Աբրահամյանի հետ նրանց խմբակային լուսանկարից:

Հետաքրքիր է` ովքե՞ր են իրականում մարմնավորում հայ ուսուցչի ու մանկավարժի հավաքական կերպարը` նրանք, ովքեր պարգևնե՞ր էին ստանում Հովիկ Աբրահամյանից, թե՞ նրանք, ովքեր իրենց մասնագիտական տոնը նշելու են առանց պաշտոնական արարողություններին մասնակցելու: Իսկ գուցե նրանք, ովքեր, եթե նույնիսկ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրմանը մասնակցելու հրավեր ստանային, մերժելու էին ու չէին մասնակցելու այդ միջոցառմանը: Խոսքը, տվյալ դեպքում, ոչ այնքան ԱԺ նախագահի, որքան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՛  հրավերը մերժելու մասին է:

Խոսքն այն պաշտոնյայի մասին է, որի ամենահայտնի հայտարարություններից մեկը «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք  չէ» արտահայտությունն է: Այդ հայտարարությունը Հովիկ Աբրահամյանն արել է 2009 թվականին, երբ դեռ ԱԺ նախագահ էր «առաջին անգամ»: Այսինքն` Սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքը համարվող պաշտոնյան ուղղակիորեն  ասել էր, որ քաղաքական գործիչ, այսինքն` երկրի ու քաղաքացիների համար ճակատագրական որոշումներ կայացնող մարդ դառնալու համար շատ խելք պետք չէ: Խնդիրն առանձին վերցրած այս արտահայտությունը չէ, որը կարող էր նաև լեզվի սայթաքում լինել (թեև նման սայթաքում անելու համար պետք է առնվազն շատ խելք չունենալ):

Խնդիրն այն է, որ այսօրվա Հայաստանի իշխանական համակարգն ընդհանուր առմամբ շարժվում է նույն այդ սկզբունքով ու մտածողությամբ, որ հաջողության հասնելու համար խելք ունենալն ամենևին առաջնային գործոն չէ: Խելք ունենալուց բացի կամ դրանից առաջ՝ պետք է ունենալ քծնելու, հարմարվելու, սկզբունքները ոտնահարելու, դավաճանելու, ստելու և մի շարք այլ «կարևոր» հատկություններ: Բավական է նայել նույն Հովիկ Աբրահամյանի հարազատ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների մեծ մասին` դրանում համոզվելու համար:

Բայց իշխանական համակարգում տիրող «անխելքության մեծարումից» ավելի վտանգավոր է այն, որ այդ մտածողությունը տարիների ընթացքում արմատավորվել է նաև հասարակության և, որ ամենավտանգավորն է` երիտասարդության շրջանում: Հարցրեք երիտասարդներին` ո՞ւմ են ուզում նրանք նմանվել, ինչի՞ են ձգտում կյանքում, ո՞րն է, իրենց կարծիքով՝ արժանապատիվ ապրելու ճանապարհը Հայաստանում: Պատասխանները լսելով՝ շատերի մոտ անհագ ցանկություն կառաջանա վազել դեպի մոտակա ավիագործակալություն` որևէ ուղղությամբ ինքնաթիռի տոմս գնելու նպատակով: Քանի որ, չնչին բացառություններով, երիտասարդների պատասխաններում կլսեք օլիգարխների, նրանց թիկնապահների, մեծահարուստ պաշտոնյաների անուններ, որոնք հիմնականում նույնական են ներկայիս օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների մեծամասնության հետ: Նրանց բոլորին, բացի փողից ու իշխանությունից, միավորում է նաև գիտելիքի նկատմամբ ատելությունը, գիտելիքի հետ օրգանական անհամատեղելիությունը: Նրանք բոլորը «մարտնչող տգիտության զինվորներ են»:

Այս պայմաններում Գիտելիքի օրվա առիթով Հովիկ Աբրահամյանից պարգևներ ու շնորհակալագրեր ստացող ուսուցիչներն անուղղակիորեն միանում են այդ բանակին:

Միանում են` չընդվզելով, միանում են` նույն հարմարվողականությամբ, որով առաջխաղացման են հասնում Հայաստանի իշխանական համակարգում:

Ուսուցչի օրվան ընդառաջ գուցե նման բացասական երևույթների մասին խոսելը տեղին չէ: Սակայն, կարծում ենք՝ այդ երևույթների մասին պետք է բարձրաձայնել առաջին հերթին՝ իսկական ուսուցիչներին ու մանկավարժներին գնահատելու համար: Այն ուսուցիչներին, ովքեր աշխատում են ոչ թե պաշտոնյաներից պարգևներ ու շնորհակալագրեր ստանալու, այլ` մանկավարժի իրենց կոչմանը հավատարիմ մնալու ձգտումով: Շնորհավոր բոլոր այդ ուսուցիչների տոնը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս