ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել մեկնաբանությամբ հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերաբերյալ՝ ներկայացնելով գլխավոր քարտուղարի մտահոգությունը։
«Գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին այդ թվում ծանր զինատեսակների օգտագործմամբ փոխհրաձգության մասին հաղորդագրությունների կապակցությամբ, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, բոլոր ներգրավված կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու ուղղությամբ։
Գլխավոր քարտուղարը ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և կրկին իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս վտանգավոր իրավիճակը կարգավորելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ, բանակցային ճամապարհով լուծումներ փնտրելու նրանց ջանքերին»։