Մի քանի հարյուր հազար դրամի հասնող բուժում՝ տանը․ որքա՞ն արժե կորոնավիրուսով վարակվելը և բուժվելը Հայաստանում
Պարզվում է՝ կորոնավիրուսով հիվանդ լինելը կարող է բավականին թանկարժեք «հաճույք» լինել։ Եվ չնայած ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է, որ կորոնավիրուսի տնային բուժման ծախսերն այդքան էլ մեծ չեն, մեր հարյուրավոր վարակված հայրենակիցներ, որոնք սովորաբար վարակում են իրենց ընտանիքներին, ստիպված են լինում որոշակի միջոցներ հատկացնել թեստավորման, անհրաժեշտ հետազոտությունների և տնային բուժումների համար։ Միջին վիճակագրական ընտանիքի համար դա կարող է անգամ հասնել մի քանի հարյուր հազար դրամի, որը սահմանափակումների մեջ գտնվող մի շարք ոլորտներում աշխատող, աշխատավարձ չստացող և այս պահին ապրուստի խնդիր ունեցող մարդկանց համար բավականին մեծ գումար է։
Նախ սկսենք սկզբից՝ մայիսի վերջից Հայաստանում կորոնավիրուսով վարակվող բոլոր ասիմպտոմ, թեթև և միջին դեպքերը, այդ թվում՝ թոքաբորբ ունեցողները, բուժումը ստանում են տանը, և այդ գործի պատասխանատուն առողջության առաջնային պահպանման համակարգն է՝ քաղաքային հիվանդանոցներով և գյուղական ամբուլատորիաներով, ուստի, եթե մարդն ունի կորոնավիրուսի սիմպտոմներ կամ ինքնազգացողության վատացում, պետք է դիմի տեղամասային պոլիկլինիկայի բժշկին, ստանա համապատասխան ցուցում թեստավորման համար, որի դեպքում միայն կկարողանա անցնել թեստավորումը պետպատվերի շրջանակում, այսինքն՝ անվճար։
Ասիմպտոմ վարակակիրների տնային բուժումը համեմատաբար մատչելի է
168․am-ը զրուցել է տանը բուժում ստացող մի շարք վարակակիրների հետ։ Մեր բոլոր զրուցակից քաղաքացիները նախընտրել են թեստավորումն անցնել վճարովի՝ խուսափելով այն իրավիճակից, որին կարող են ականատես դառնալ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում։ Մի շարք տեղեկությունների համաձայն, որոնք ավելի վաղ հայտնվել էին մամուլում, շատերն են գնացել հենց Առողջապահության նախարարության սահմանած ճանապարհով՝ հասնելով թեստավորման «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, որտեղ հիասթափվել են ստեղծված անկազմակերպ, քաոսային իրավիճակից, անվերջանալի հերթերից։ Իրավիճակը գրեթե նույնական է պոլիկլինիկաների սպասարկման դեպքում։
Մեզ հետ զրուցած բոլոր քաղաքացիներն արձանագրում են, որ պոլիկլինիկաների բժիշկները ուշադիր վերաբերմունք են ցուցաբերում, հաճախ զանգահարում են, սակայն ֆիզիկապես հնարավորություն չունեն հաճախ այցեր կատարել, հետևել բուժման ընթացքին՝ նույնիսկ քրոնիկական հիվանդություններ ունեցող կամ թոքաբորբ տանող վարակակիրների դեպքում, չունեն՝ ինչպես անհրաժեշտ ֆիզիկական, այնպես էլ՝ նյութատեխնիկական հնարավորություններ։
«Շտապօգնության» ծառայություն դիմողները ևս հաճախ չեն կարողանում կապ հաստատել այս ծառայության աշխատակիցների հետ ծանրաբեռնվածության պատճառով, իսկ հաստատելու դեպքում ուղղորդվում են տեղամասային բժշկի մոտ և նույնիսկ ինքնազգացողության վատացման դեպքում բավարարվում են հեռախոսային խորհրդատվությամբ։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ բոլոր վարակակիրներին նշանակվում է թոքերի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), որը ներկայումս կորոնավիրուս ունեցող հիվանդների համար արվում է զեղչով՝ 20-25.000 դրամով և որի հնարավորությունը պոլիկլինիկաները չունեն։ Այսինքն՝ սա դառնում է պարտադիր ծախս բոլոր վարակակիրների դեպքում, և նրանք ստիպված են լինում օգտվել տրանսպորտային միջոցներից, մասնավորապես՝ տաքսի ծառայությունից՝ վտանգի տակ դնելով նաև վարորդի առողջությունը։
Եթե կան այնպիսիք, որոնք հավելյալ ծախսեր չանելու համար սպասում են ցուցման և անվճար թեստավորման, խուսափելով ծախսել 20.000 դրամ թեստավորման համար, ապա թոքերի հետազոտությունը պարտադիր ծախս է, որի հիման վրա տեղամասային բժիշկը կազմում է բուժումը։
Հիվանդության ասիմպտոմ ընթացքն իսկապես քիչ ծախսատար է, ինչպես պնդում է ՀՀ ԱՆ-ն, քանի որ կորոնավիրուսակրին նշանակվում է միայն վիտամինային թերապիա․ մասնավորապես՝ վիտամին C, D և ցինկ․ 14-օրյա բուժման համար այս թերապիան արժենում է միջինում 10.000 դրամ։ Կորոնավիրուսի թեթև ընթացքի դեպքում հավելյալ, ըստ ինքնազգացողության, նշանակվում են ջերմիջեցնողներ, ցակազրկողներ և հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում 7-օրյա ժամկետով, օրինակ՝ Դօքսիցիկլին, որի մեկ տուփի գինը տատանվում է 1100-1500-ի սահմաններում։
Մեզ հետ զրուցած ասիմպտոմ վարակակիրների միջին ծախսը ստացվում է 60-80.000 դրամ, որից կրկին միջինում 40.000-ը դիտարկում ենք՝ որպես թեստավորում հիվանդության սկզբում և վերջում, 20.000-ը՝ վիտամիններ, անհրաժեշտ ցավազրկողներ, ջերմիջեցնողներ և հակաբիոտիկներ, և 20.000-ը՝ թոքերի համակարգչային տոմոգրաֆիա։
Այս դեղամիջոցների ծախսերից մասամբ հնարավոր է խուսափել, եթե տեղամասային բժշկի ցուցմամբ պոլիկլինիկան անվճար տրամադրի դեղորայք, սակայն պետք է հաշվի առնենք, որ կորոնավիրուսակիրները քաշքշուկից խուսափելու նպատակով այդ ամենը ձեռք են բերում սեփական միջոցներով՝ առանց տնից բացակայելու, հարազատների միջոցով։
Ի դեպ, դիտարկել ենք բոլոր այս ծառայությունների ամենաէժան տարբերակները։ Այս ծախսը յուրաքանչյուրի դեպքում տատանվում է, քանի որ ՀՀ ԱՆ-ն հիվանդության վերջում ցուցում չի տալիս թեստավորվելու, սակայն հիմնականում վարակակիրները, որպեսզի համոզվեն, որ անվտանգ են լինելու իրենց շրջապատի և հարազատների համար, նախընտրում են վերջում ևս թեստավորվել։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ կան մարդիկ, ովքեր կրկնակի են թեստավորվում, օրինակ, հիվանդության սկզբում, քանի որ պատասխանը ստացվում է բացասական, սակայն ախտանշանները շարունակում են զգացնել տալ։
Որքա՞ն գումար են ծախսում միջին ծանրության վարակակիրները
Բնականաբար, ավելի ուշագրավ պատկեր է կորոնավիրուսային հիվանդության միջին և ավելի բարդ դեպքերի պարագայում, երբ հիվանդությունը ձգվում է 2 շաբաթից ավելի, մինչև անգամ՝ մեկ ամիս, երբ անհետաձգելի հետազոտությունների, տնային բուժումների, սրսկումների և ավելի թանկարժեք դեղորայքի կարիք է առաջանում։
Այս մակարդակում շատ վարակակիրներ, այդ թվում՝ նրանք, ում հետ մենք ենք խոսել, վիճակի անհետաձգելիությունից և տեղամասային բժշկի ծանրաբեռնվածությունից ելնելով, իրենց հետազոտումը և բուժումը կազմակերպում են սեփական ուժերով, այդ թվում՝ օգտագործելով ծանոթ-բարեկամ կապերը՝ այս կամ այն հիվանդանոցում ազատ տեղ գտնելու կամ համապատասխան բժշկի կամ բուժքրոջ այց կազմակերպելու համար։
Սա գրեթե անխուսափելի իրավիճակ է այն վարակակիրների համար, ովքեր, օրինակ, ունեն մարզային գրանցում և Երևանում բնակվելու դեպքում չեն կարողանում նույնիսկ որոշ անվճար դեղորայքային միջոցներից օգտվել հիվանդության միջին և ավելի ծանր ընթացքի դեպքում։ Այս պարագայում ողջ ծախսը մնում է վարակակրի և հարազատների վրա։
168․am-ի հետ զրույցում բուժքույրերից մեկը, ով այս օրերին տնային այցեր է կատարում, ասաց, որ նախ շատ քիչ բուժքույրեր են համաձայնում տնային այց կատարել՝ հաշվի առնելով վարակելիության բարձր ռիսկը։
«Դրանով պայմանավորված, եթե նախկինում սիստեմայով դեղորայք միացնելու գինը 2500 դրամ էր, ապա այսօր՝ դա կրկնակի է, այսինքն՝ 5000 դրամ՝ մեկ միացման համար։ Լինում են դեպքեր, երբ միանգամից երեք բաժին դեղորայք է միացվում իրար ետևից, այդ դեպքում կրկնակի՝ 10.000 կամ 7000 դրամ։ Գինը կախված է նաև նրանից, թե ընտանիքից քանի հոգու է նման ծառայություն մատուցվում։ Եվ միջին դեպքերում սա 7 օր է, այսինքն՝ կախված դեպքի ծանրությունից, կատարվում է նշանակումը։ Սա բավականին թանկ բուժում է, քանի որ նշանակվում են անտիբիոտիկներ, որոնց 1 մգ-ն արժե, օրինակ՝ 4500 դրամ, սակայն կարող է այս անտիբիոտիկը միջին դեպքում նշանակեն օրական երեք գրամ՝ 7-10 օր։
Սրան գումարած՝ այլ դեղեր ևս նշանակվում են, ներառյալ՝ վիտամիններ, արյան մակարդելիությունը կարգավորող դեղեր, որի համար հարկավոր է սրսկումներ փորից հիմնականում թոքաբորբի դեպքում, օրինակ՝ Կլեքսան, կարող է նշանակեն վիտամին C նատրիումի քլորիդով, այլ վիտամիններ ֆիզռաստվորով։ Եղել է, հեղուկ անտիբիոտիկ մոքսիցին եմ միացրել, և սրան գումարվում են այլ դեղամիջոցներ, կախված է նրանից նաև, թե ինչ է ախտահարում կորոնավիրուսը, կամ քրոնիկական ինչ հիվանդություններ ունի վարակակիրը, ըստ դրա՝ բուժում է շարունակվում հավելյալ։ Սա միջինից էլ ավելի թեթև դեպքում, ավելի բարդ դեպքերում ավելի լուրջ բուժում է նշանակվում, ինչն ավելի ծախսատար է»,- ասաց մեզ հետ զրուցած բուժքույրը՝ հավելելով, որ նման դեպքերում երկու անգամ արվում է թոքերի ԿՏ հետազոտություն (40-50.000 դրամ) հիվանդության սկզբում և բուժումից հետո, արյան ընդհանուր անալիզներ (30-50.000 դրամ) սկզբում, 2 անգամ թեստավորում (40-50.000 դրամ), բուժում՝ դեղամիջոցներ, սիստեմաների միացումներ (նվազագույնը 100.000 դրամ և ավելի) և հակամարմինների անալիզ (10-20.000 դրամ)։ Ըստ նրա, նմանատիպ բուժումը միջինից թույլ և ավելի ծանր կորոնավիրուսով հիվանդին արժենում է ավելի, քան 250.000 դրամ։ Սակայն նրա խոսքով, բուժման թանկարժեքությունը, լուրջ մոտեցումը կախված է նաև բժշկից։
Ըստ նրա՝ պատահում է, որ դեղամիջոցներն ավելի էժան են։
«Սակայն ընդհանուր առմամբ լավ բուժումը ծախս է պահանջում»,- նշեց նա՝ հավելելով, որ սովորաբար բազմանդամ ընտանիքներում մի քանի վարակակիր է լինում և գումարը մեծանում է։
Հարկ է նշել՝ շատերը, որոնք նման թանկարժեք բուժում են ստանում, հույս են ունենում, որ ապահովագրությունը կփոխատուցի այս ծախսերը, սակայն ապարդյուն, քանի որ փոխհատուցում չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ ունեն տնային պայմաններում թոքաբորբի բուժման հաստատված գործելակարգ, որի մեջ ներառված են այնպիսի դեղորայքներ, որոնք մատչելի են, և կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել կորոնավիրուսով հիվանդ այն քաղաքացիների բուժման ծախսերը, որոնք տանն են ստացել բուժում, նախարարն ասել էր, որ, եթե նշված դեղորայքներից զատ, այլ դեղեր գնելու կարիք իրապես կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք է տեղափոխվի հիվանդանոց և բուժվի հիվանդանոցային պայմաններում:
Արսեն Թորոսյանը նաև ասել էր, որ մեկ ռեանիմացիոն հիվանդի վրա ծախսվում է մոտավորապես 1 միլիոն դրամ գումար։
Սակայն նշենք, որ այն վարակակիրները, ում հետ մենք ենք զրուցել, անհետաձգելի բուժօգնություն կազմակերպելու համար խուսափում են դիմել տեղամասային բժիշկներին կամ պարզապես գրանցված չեն Երևանում ու ստիպված են անել այդ ծախսերը, քանի որ պոլիկլինիկաները գերծանրաբեռնված են, իսկ տեղամասային բժիշկները՝ գերհոգնած։