Դատարանի որոշեց չդադարեցնել  Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, մերժեց  ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

«Դատարանը արձանագրել է, որ կողմը միջնորդությամբ հղում է  կատարել գործում առկա ապացույցներին, փաստական հանգամանքներին, մեղադրանքին, որոնցից որևէ մեկը տվյալ ընթացակարգերի շրջանակում սույն դատական քննության նախապատրաստական փուլում, բնականաբար, չի հետազոտվել, չի հրապարակվել, չի ուսումնասիրվել, և դրանց կապակցությամբ չեն հնչել կարծիքներ: Նշվածի համատեքստում դատարանը գտել է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման»,- որոշումը հրապարակելիս ասաց դատավոր Հարություն Մանուկյանը:

Ըստ նրա՝ դատաքննության նախապատրաստական փուլում, երբ դեռ չեն հետազոտվել ապացույցները, փաստական հանգամանքները, գնահատական չի տրվել մեղադրանքին, չեն հնչել կողմերի կարծիքները,   նման միջնորդության բավարարմամբ  կխախտվեին մրցակցության, դատական քննության հրապարակայնության և դատարանի անկողմնակալության սկզբունքները:

«Ապացույցների գնահատումը դատարանն իրականացնում է հաջորդող փուլերում կողմերի մրցակցության պայմաններում, դրանք դատաքննությամբ հետազոտելուց հետո: Տվյալ դեպքում այս փուլում ապացույցների փաստական հանգամանքների գնահատումը և դրա հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելը կնշանակի մինչև գործի ըստ էության լուծումը տվյալ վարույթի հանգուցային հարցերի վերաբերյալ դատարանի դիրքորոշման արտահայտում, ինչն օբեկտիվորեն հիմքեր կարող է ստեղծել պնդելու, որ դատարանն ի սկզբանե տվյալ գործով որոշակի նախատրամադրվածություն է ունեցել»,- ասաց դատավորը՝ նշելով, որ այս միջնորդությունը մերժելու մասին որոշումը խոչընդոտ չէ դատական հետագա փուլերում այն կրկին ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր  միջնորդել էր դատարանին՝ դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Նշենք նաև, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով, առ այն, որ նա 2018թ․ որպես  ՀՀ ԱԺ նախագահ՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Տեսանյութեր

Լրահոս