Բաժիններ՝

Ի՞նչ փուլում են Հայկ Մարությանի խոստացած ճոպանուղու և մետրոյի նոր կայարանի աշխատանքները

2020թ․ մարտի 19-ին Երևանի ավագանու նիստին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ Երևանում մետրոյի կայարանի և ճոպանուղու կառուցման աշխատանքներն այս տարի արդեն շոշափելի կլինեն:

Նա նշել էր, որ Doppelmayr Seilbahnen GmbH ընկերությունը 3 տարբերակ է առաջարկել ճոպանուղու կառուցման նախագծի իրականացման համար, որից մեկն ընդունվել է, ուղարկվել է Ֆինանսների նախարարություն, որտեղ էլ հավանություն է ստացել:

Մեսչյանը նաև նշել էր, որ Նոր Նորքում ճոպանուղու կառուցման և մետրոպոլիտենի կառուցման տեմպերը շատ լավն են, և, որ այս տարի արդեն նախատեսվում է սկսել կամրջի կառուցումը՝ որպես Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծի մի մաս:

Նրա խոսքով, եթե մրցույթ հայտարարված լիներ, ապա, հաշվի առնելով նախագծերի մասշտաբները, դրանց մեկնարկը կհետաձգվեր ևս 1-1.5 տարով:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ապրիլի 4-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցության, որի ընթացքում 2 հարց են քննարկել.

«Շատ կոնկրետ քայլեր են արվելու մետրոպոլիտենի նոր կայարանի հետ կապված, և ճանապարհ է կառուցվելու, որը միացնելու է Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային:

Այս հայտարարությունից արդեն 3 ամիս է անցել, ի դեպ, հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մեր երկրում արտակարգ դրություն էր հայտարարված (Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել 16.03.2020թ.):

168.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ հասկանալու համար, թե նշված շոշափելի աշխատանքներն ի՞նչ փուլում են:

«Աշխատանքներն ըստ ժամանակացույցի գնում են, չի բացառվում, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ժամկետների հարցում որոշակի շտկումներ լինեն, բայց ծրագրերն ընթացքի մեջ են: Մասնավորապես՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհային հանգույցի նախագծման մրցույթը կայացել է, և նախագծման աշխատանքները հիմա ընթացքի մեջ են: Հույս կա, որ մինչև տարվա վերջ տեղում աշխատանքները կսկսվեն»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ փուլում են մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու շինարարական աշխատանքները, Հակոբ Կարապետյանը պատասխանեց.

«Ինչպես քաղաքապետը նշել էր իր այդ ուղերձում, աշխատանքներն ընթանում են Կառավարության հետ և Կառավարության հետ էլ դրա մասին կհայտարարենք»:

Նրա խոսքով՝ և՛ մետրոյի նոր կայարանի կառուցման, և՛ ճոպանուղու աշխատանքների հետ կապված՝ այս պահին նախագծման աշխատանքներ են տարվում. «Թունելն ըստ էության պատրաստ է, հիմնական աշխատանքը տարվելու է կամրջի վրա՝ նոր կամուրջ է կառուցվելու: Կամուրջն իրենից ներակայացնելու է կայարանը, որից ելք պետք է կազմակերպվի դեպի Հալաբյան փողոց:

Նարեկ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս