«Պաշտոնական կեղծիք կատարելու փաստի առթիվ այսօր հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՔԾ». Արթուր Ղազինյան
«Բոլորդ էլ կհիշեք, թե այս տարի ինչ հիմքով չեղարկվեց մարտի 1-ի երթը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, երբ մարտի 1-ին առաջին վարակակիրը պաշտոնապես հայտարարվեց՝ նշելով, որ հետևելով Առողջապահության նախարարության հորդորին՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար՝ չեղարկում են մարտի 1-ի երթը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
Հիշեցնենք, որ ըստ Արթուր Ղազինյանի, Կառավարությունն իր որոշման մեջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարտի 11-ին հայտարարված պանդեմիայի օրը փոխել և գրել էր՝ մարտի 13, ինչը, նրա խոսքով՝ համարվում է պաշտոնական կեղծիք։
Կուսակցության ղեկավարն իր զարմանքն արտահայտեց առ այն, թե այդ ինչ հորդոր է եղել, որ ուղղված է եղել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ինչու է այն ուղղված եղել միայն էլիտար խմբին, և ինչու այդ հորդորի մասին չեն տեղեկացրել ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին և ՀԿ-ներին։
«Վերցնենք այն տվյալները, որ դեռևս փետրվարի կեսերից Առողջապահության նախարարության կայքում պտտվում էր սոցիալական գովազդ, որով մեզ բոլորիս խնդրում էին պահպանել սոցիալական հեռավորություն։ Նույն օրը, երբ չեղարկվեց մարտի 1-ի երթը, նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի հիմնական դեմքը, մետրոներում բաժանում էին քաղաքացու անձնագիր։ Նույն օրը երեկոյան նա գնաց Ծաղկաձոր, այնուհետև մարտի 3-ից սկսեցին զանգվածային միջոցառումներ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Ինչ տեղի ունեցավ արդյունքում՝ մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 12-ին Սյունիքի մարզում շփվել է հաստատված վարակակրի հետ, որի հիմքով թեստ է հանձնում և մեկուսանում է։ Այսինքն՝ բավարար տվյալներ կան՝ պնդելու և հաստատապես ասելու, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով և խմբային շահերից ելնելով՝ ՀՀ-ում տարածել է մահաբեր կորոնավիրուս։ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք կատարելու փաստի առթիվ, ես այսօր հանցագործության մասին կներկայացնեմ հաղորդում ՀՔԾ»,- հավելեց Ա. Ղազինյանը։