Ռուսաստանի 18 քաղաքներում կբացվեն Ֆինլանդիայի այցագրային կենտրոններ
Ռուսաստանի 18 քաղաքներում Ֆինլանդիայի այցագրային կենտրոններ են բացվում անձնագրեր հանձնելու համար: Այդ մասին հաղորդել է VFS Global-ը: Երկրում այցագրի փաստաթղթերի ընդունումը ներկայում կասեցվել է կորոնավիրուսի պատճառով:
Այսպես, հուլիսի 2-ին կենտրոններն սկսել են աշխատել Մոսկվայում, Պետրոզավոդսկում, Մուրմանսկում եւ Կալինինգրադում:
Իսկ հուլիսի 6-ին դրանք կբացվեն Արխանգելսկում, Վիբորգում, Վելիկի Նովգորոդում, Վոլոգդայում, Իրկուտսկում, Կազանում, Կրասնոդարում, Կրասնոյարսկում, Նիժնի Նովգորոդում, Նովսիբիրսկում, Օմսկում, Սամարայում, Ուֆայում եւ Վլադիվոստոկում:
Բոլոր հաճախորդները կենտրոն մտնելիս պետք է մարմնի ջերմաստիճանի ստուգում անցնեն առողջական վիճակը գնահատելու համար:
Սոցիալական հեռավորության նորմերը պահպանելու համար նախնական գրանցման համակարգ է սահմանվել կայքում:
Բացի այդ, կենտրոնի բոլոր աշխատակիցները պահպանում են անվտանգության պրոֆիլակտիկ այնպիսի նորմեր, ինչպիսիք են՝ մակերեւույթների ախտահանումը, մարմնի ջերմաստիճանի չափումը, ձեռքերի համար ախտահանիչների օգտագործումը, հեռավորությունը, եւ կարող են այցելուներին խնդրել՝ խուսափել կենտրոնում մարդկանց կուտակումներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: