«Բոլորը, երբ սխալվել են, նշանակում է, բոլորը եղել են նույն իրավիճակի մեջ և նույն ճանապարհով են գնացել առաջ». վարչապետ

Այսօր Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է ոչ միայն փակ, այլև բաց տարածքներում: Ու չնայած բավական ժամանակ է անցել, շատերն են հիշում ամիսներ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե դիմակն անօգուտ է:

«Չե՞ք կարծում, որ այժմ կառավարությունը դժգոհում է քաղաքացիների այն վարքագծից, որ օբյեկտիվորեն ձևավորվել է գործադիր մարմնի անդամների գործողությունների ու հայտարարությունների արդյունքում»,- այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ի պատասխան՝ վարչապետը, կարելի է ասել, Արսեն Թորոսյանին վերագրվող «մեղքը» վերագրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

«Գիտեք, էդ տեսակետները ոչ թե Հայաստանի առողջապահության թիվ մեկ պատասխանատուի կողմից են հնչեցվել, այլ աշխարհի առողջապահության համար պատասխանատու թիվ մեկ կազմակերպության: Ի սկզբանե եղել է էսպիսի դիրքորոշում, որ դիմակ պետք է կրեն հիվանդները և նրանց խնամողները, որովհետև դիմակը պահպանում է, պաշտպանում է ոչ թե վարակվելուց, այլ՝ վարակելուց: Եվ սա եղել է ԱՀԿ-ի արձանագրումը:

Հետո ի՞նչ է փոխվել… Փոխվել է որոշակի գիտելիք և իրավիճակ: Եվ ենթադրենք, քանի որ կանխավարկածը այն է, որ մենք բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք՝ որպես վարակվածի, էլի ուզում եմ նշեմ, որ մենք դիմակ կրում ենք ոչ այնքան՝ սեփական, որքան՝ դիմացինի անվտանգությունն ապահովելու համար, որովհետև մենք ինքներս մեզ պետք է վերաբերվենք՝ որպես վարակակրի, և ես սա գիտեմ սեփական օրինակից: Ես առնվազն 7 օր վարակված եմ եղել կորոնավիրուսով և չեմ իմացել դրա մասին, ընդ որում, ամեն օր այս մուտքի մոտ ջերմությունս չափելով: Այսինքն՝ ես ջերմություն ոչ մի օր չեմ ունեցել, սկսած երևի մի ամիս անընդհատ ես ամեն օր ջերմությունս չափել եմ: Եվ հետևաբար՝ դիմակի խնդիրը ծագում է էդտեղից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կա նաև երկրորդ խնդիրը: Հռետորական հարց ուղղեց՝ ինչպե՞ս դիմակ դնելու իրենց կոչին կարձագանքեին քաղաքացիները, երբ կառավարությունը հորդորեր դիմակ դնել կորոնավիրուսի վարակի  Հայաստանում տարածման առաջին օրերին, երբ խանութներում ու դեղատներում դիմակի դիֆիցիտ էր:

«Լավ, Հայաստանի առողջապահության նախարարությունը սխալ հայտարարություն ա արել, ենթադրենք, բա աշխարհի մնացած երկրներում ովքե՞ր են սխալ հայտարարություն արել»,- ասաց ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր հիմնական խնդիրը մնում է այն, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի հիվանդ առանց բուժօգնության չմնա: Վարչապետը նաև տեղեկացրեց, որ վաղը կբացվի Սպիտակի ԲԿ-ն՝100 մահճակալով, իսկ առաջիկայում կորոնավիրուսի հիվանդների կկարողանա ընդունել նաև Մարտունու ԲԿ-ն՝ 50 մահճակալով:

«Էստեղ խնդիրը պետք ա հասկանանք, քաղաքական շահարկումների տրամաբանությունից դուրս գանք: Շատ լավ, մենք ունենք 20.000 դեպք, և դա տեղի է ունեցել մեր, իմ սխալի պատճառով, ենթադրենք: Աշխարհի 10 միլիոն դեպքն ո՞ւմ սխալի պատճառով է առաջացել: Այսինքն՝ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները, բացառությամբ 3, 4, 5 երկրի, որոնք հայտարարում են, որ շատ լավ վիճակում են, այսինքն՝ էդ բոլորը սխալվել են: Էդ բոլորը երբ  սխալվել են, նշանակում է, որ բոլորը եղել են նույն իրավիճակի մեջ և նույն ճանապարհով են գնացել առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հարցի պատասխանն էլ ավարտեց ԱՀԿ ներկայացուցիչների՝ այս իրավիճակը բնորոշող հայտարարության մասին հիշելով՝ «այս ընթացքը ցույց տվեց, որ չկա ճիշտ որոշում, չկա սխալ որոշում, որովհետև բոլոր որոշումները մասամբ արդարացվում են, մասամբ չեն արդարացվում»:

 

Տեսանյութեր

Լրահոս