Թրամփը խոստանում է վետո դնել ռազմակայանների վերանվանումներով ռազմական բյուջեի նախագծի վրա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վետո դնել 2021 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) ռազմական բյուջեի նախագծի վրա, եթե այնտեղ ուղղում լինի այն ռազմակայանների վերանվանման մասին, որոնք անվանված են կոնֆեդերատների պատվին:
Այդ մասին պետության ղեկավարը հունիսի 30-ին գրել է իր Twitter–ում:
«Ես վետո կդնեմ ռազմական բյուջեի վրա, եթե այնտեղ լինի Էլիզաբեթ Ուորենի ուղղումը (սենատոր Մասաչուսեթսի նահանգից, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու – ծանոթ. խմբ.), որը կհանգեցնի Ֆորտ Բրեգի, Ֆորտ Ռոբերտ Լիի եւ շատ այլ ռազմակայանների վերանվանման, որոնցով մենք շահել ենք երկու համաշխարհային պատերազմները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կոնֆեդերատների սիմվոլների առկայության շուրջը վեճերն ԱՄՆ-ում նոր ուժով են բորբոքվել Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան լույսի ներքո: Մայիսի 25-ին ոստիկանները նրան ձերբակալելիս խեղդող կոպիտ հնարք էին գործադրել: Դրանից հետո շատ չանցած աֆրոամերիկացին մահացել էր հիվանդանոցում: Ֆլոյդի մահից հետո մի շարք նահանգներում սկսվել են բողոքի ակցիաներ սևամորթների իրավունքների ոտնահարման դեմ, տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, թալանի եւ վայրագության բազմաթիվ դեպքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: