Բաժիններ՝

Գույքահարկի բարձրացումը կազդի ապրանքների գների վրա. տնտեսվարող

Հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից 3-5 %-ով կբարձրացվի գույքահարկը: Ամեն հաջորդ տարի այն ավելի կբարձրանա: Գույքահարկի բարձրացումն իր անմիջական ազդեցությունը կունենա նաև բիզնես ոլորտի վրա: 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանն ասաց, որ գույքահարկի բարձրացումն անպայման կազդի շուկաների, վարձով տարածքների, առևտրի կենտրոնների գնագոյացման վրա, այսինքն՝ վարձավճարները կբարձրանան:

«Երբ շուկաների, առևտրի կենտրոնների տերերի ծախսը շատանում է, պարզ է, որ իրենց գրպաններից չեն վճարելու, դա թողնելու են մանր բիզնեսի վրա, իրենցից վարձակալությամբ վերցնողների վրա: Խոշոր արտադրողներն ավելացած գումարը դնելու են արտադրանքի ինքնարժեքի մեջ, այսինքն՝ խոշորը երբեք սրանից չի տուժելու, վերջում պատասխան է տալիս մանր բիզնեսը: Տնտեսվարողները, քանի որ չեն աշխատում ուղղակի աշխատելու համար, այլ աշխատում են եկամուտ ստանալու համար, պետք է որոշակի գների բարձրացում անեն, որ կարողանան իրենք էլ եկամուտ ստանան, հետևաբար՝ վերջնական վճարողը լինելու է էլի հասարակ քաղաքացին»,- ասաց Գրիգորյանը:

Մեր հարցին, թե այս դեպքում գների քանի՞ տոկոս բարձրացում կարելի է ակնկալել, Սամսոն Գրիգորյանը պատասխանեց, որ դա հաշվելն այնքան էլ հեշտ չէ, տարբեր եկամուտ ունեցողների մոտ դա տարբեր կլինի:

«Մեկ միլիոն շրջանառություն ունեցող և 10 մլն շրջանառություն ունեցողների համար տարբեր կլինի, բայց որոշակի աճ կլինի: Օրինակ՝ 58 մլն շրջանառություն ունեցող  բիզնեսն ունի եկամուտ, լավագույն դեպքում, 15 տոկոս, տարվա համար՝ 8 մլն, դա էլ բաժանենք 12-ի՝ ամսական մոտ 725 հազար եկամուտ, դա էլ ոչ մաքուր, որից հետո դա հարկվում է, վճարներ է վճարում: Այս դեպքում եթե համարենք, որ բոլոր հարկերն ու աշխատավարձերը հանելուց հետո իրեն մնում է 300 հազար դրամ, իր վարձավճարը մի 50 հազար դրամով թանկացնեն, կմնա 250 հազար դրամ, և ինքը ստիպված կլինի 50 հազար դրամը դնել իր շրջանառության մեջ, այսինքն՝ մեկ տոկոսի չափով թանկացում կանի: Ամեն տեղ տարբեր է լինելու: Եթե օրը 200 հազար դրամի առևտուր է անում, նա ավելի շատ պետք է դնի գնի մեջ, բայց որ վերջնական փուլում դրա համար վճարելու է քաղաքացին, դա փաստ է»,- ասաց Գրիգորյանը:

2019-ի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունել էր «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  օրենքը, որով գույքի արժեքը պետք է հաշվարկվի ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով: Սա ենթադրում է, որ կախված տեղանքից՝ նույն չափի գույքն ունենալու է տարբեր արժեք, հետևաբար՝ տարբեր գույքահարկ: Մեր հարցին, թե սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ բիզնեսի մրցակցության վրա, Գրիգորյանը պատասխանեց.

«Որոշակի ազդցություն կունենա, բայց եկեք այսպես նայենք, Կենտրոնում վարձավճարները թանկ են, որովհետև գնողունակությունը մեծ է, այնպես որ, դա այդպիսի մեծ դեր չի խաղա: Մարզային քաղաքներում ավելի քիչ կթանկանան վարձավճարները և գույքահարկը, կենտրոնում ավելի շատ կթանկանա, կարծում եմ, որ ապրանքի գնագոյացման մեջ կարող է 1-2 տոկոսի տարբերություն լինի, ոչ ավելի, բայց լինելու է»:

Իսկ կարո՞ղ է գուքահարկի բարձրացումը առիթ հանդիսանալ, որ ՓՄՁ-ներ փակվեն:

«Գազի գինը թանկացավ, այդտեղ որոշակի բեռ ավելացավ բիզնեսի համար, գույքահարկը թանկացավ, որոշակի բեռ այդտեղ ավելացավ, կորոնավիրուսի պատճառով որոշակի վաճառքների անկում եղավ, տարբեր այսպիսի գործոններ վերջում կբերեն նրան, որ, իհարկե, փակվողներ կլինեն, բայց որ ասենք՝ հենց գույքահարկի համար կփակվեն, սուտ կասենք»,- ասաց տնտեսվարողը:

Սամսոն Գրիգորյանը նաև նկատեց, որ գույքահարկի բարձրացումը կարող է նպաստել արտագաղթին:

«Մոտ 200 քմ տարածքով սեփական տունը սկսվում է 150 հազար դոլարից, մինչև 200-300 հազար դոլար, եթե այնպիսի տուն չեք գնում, որ պետք է քանդեք, տեղը նոր նորմալ տուն սարքեք, դրա հարկերն արդեն այնքան բարձր են, որ կլինեն միջին խավի ներկայացուցիչներ, ովքեր կգտնեն, որ, եթե ես այստեղ վճարում եմ այնքան, որքան կվճարեմ, օրինակ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, և ստանամ ավելի ցածր որակի կյանք, հնարավոր է՝ այդ դեպքում որոշ լքողներ լինեն: Մենք արդեն ունենք որոշակի բիզնեսմեններ, միջին խավի ներկայացուցիչներ, որոնք անապահով չեն, բայց հեռանում են երկրից, շատ կան նման դեպքեր, սա էլ կլինի որոշակի ազդակ, որ էլի հեռացողներ լինեն»,- ասաց Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս