Բաժիններ՝

«Հայկական գինիները» մուտք կգործեն միջազգային շուկա

«Հայկական գինիներ» բրենդային անվանումը կրող գինիները մոտ ապագայում կհայտնվեն միջազգային շուկաներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Էկոնոմիկայի արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Ըստ գինեգործության զարգացմանն ուղղված գործողությունների ծրագրի` Հայաստանը կարտահանի «Հայկական գինիներ» խորագրով բրենդային արտադրանքը, ինչը պատրաստված կլինի բացառապես մաքուր և որակյալ բերքից:

«Մենք նպատակ ունենք որակյալ ապրանք արտադրելու և արտահանելու, ցանկանում ենք  հայկական գինիներն աշխարհում հայտնի դարձնել»,- նշեց Հայկ Միրզոյանը: Հարցին, թե արդյո՞ք հայկական գինիները գնային առումով մրցունակ կլինեն արտերկրի շուկաներում, Հ. Միրզոյանը պատասխանեց, որ սպառողին կառաջարկվեն միջին գնային ցուցանիշով գինիներ: «Վերջին շրջանում հայկական գինիների գնային նիշայի փոփոխություն է նկատվում: Չնայած անցյալ տարի լիտրերով ավելի քիչ գինի ենք արտադրել, բայց գումարային առումով աճ ունենք: Դա նշանակում է, որ ավելի որակյալ և ավելի թանկ գինիներ ենք արտադրում: Շեշտը դրվել է ոչ թե քանակի, այլ որակի վրա»,- նշեց Հ. Միրզոյանը:

168.am-ի հարցին, թե բրենդային գինիների արտադրության մեջ լինելո՞ւ են խաղողի սորտերի խառնուրդներ, և արդյո՞ք տեղի այգիները բավարար են նման ծավալի արտադրանք ունենալու համար, ՀՀ Էկոնոմիկայի արդյունաբերության վարչության  պետ Հայկ Միրզոյանը պատասխանեց. «Մենք պետք է զարգացնենք և՛ հայկական ավանդական սորտերը, և՛ պետք է կատարենք սորտերի վերականգնման աշխատանքներ, բացի դա էլ, կներկրենք խաղողի նոր սորտեր: Կտնկվեն խաղողի նոր այգիներ»:

Արդյո՞ք նոր այգիների հիմնումը նախատեսվածից  առավել երկար ժամանակ չի խլի գինեգործներից: «Այն քանակությունը, որ մենք նախատեսում ենք արտահանել առաջին տարիներին ընթացքում՝ բավարարում է: 3 տարի է անհրաժեշտ նորատունկ այգիներին՝ բերքատու դառնալու համար: Բացի դա էլ, կան գինի արտադրողների և ֆերմերների հետ խաղողի մթերման պայմանագրեր:  Այսօր էլ գինեգործարանները համագործակցում են անհատ ֆերմերների հետ»,- պատասխանեց Հայկ Միրզոյանը:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս