«Իմ քայլի» պատգամավորները հերքում են հունիսի 22-ի նիստին կորոնավիրուսի ախտորոշմամբ մասնակցելու լուրերը

Հունիսի 22-ին ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի մոտ, արդեն դրանից մի քանի օր առաջ, ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Տեղեկությունը հայտնել էր Alternativ.am-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ կայքի՝ այդ պատգամավորներն են «իմքայլական» Վիկտոր Ենգիբարյանը, ում մոտ ախտորոշվել էր վարակը 18․06․2020թ․ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում, և Հայկ Գևորգյանը, ում մոտ վարակն ախտորոշվել է 19․06․2020թ․՝  կրկին «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում։

«Այս 2 պատգամավորները ևս պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ինչպես Աբովյան քաղաքում ծառայություններ մատուցող տաքսու վարորդը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց նա շարունակում էր ազատորեն մատուցել իր ծառայությունները»,- գրել էր կայքը:

Թեմային անդրադարձել էր նաև «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ պահանջելով COVID-19-ով հիվանդացած, այդ մասին իմացած, բայց ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների հանդեպ քրեական գործեր հարուցել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում հերքեց լուրի իսկությունը՝ տեղեկացնելով, որ թեստի հանձնման պահից՝ հունիսի 24-ից, ինքնամեկուսացվել է.

«Բացարձակ սուտ է, հունիսի 24-ի երեկոյան տվել եմ, 25-ի երեկոյան ստացել եմ դրական պատասխան, թեստը հանձնելու պահից սկսած մեկուսացած եմ, ու այդ սուտասաններին պատրաստվում ենք դատի տալ զրպարտության համար»:

Վիկտոր Ենգիբարյանն էլ տեղեկացրեց, որ ֆեյսբուքյան էջով արդեն հերքել է լուրը։

«ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ, և վարակված լինելով՝ մասնակցել եմ ԱԺ նիտերին: Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել՝ դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու՝ տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:
ՀԳ. Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:
Առողջություն բոլորիդ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ենգիբարյանը:

Տեսանյութեր

Լրահոս