«Սա վտանգավոր և քաղաքացու դեմ ուղղված քայլերից մեկն է». Նաիրա Զոհրաբյանը՝ գույքահարկի բարձրացման մասին
«Գույքահարկի բարձրացման մասին» օրենքը բավականաչափ վտանգավոր է, և հատկապես սոցիալական լարվածության այս պիկի ժամանակ՝ քաղաքացու դեմ ուղղված աննախադեպ քայլերից է: Սա մեծապես վնասելու է մեր հայրենակիցներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե օրենքի ընդունումից հետո ի՞նչ է սպասվելու քաղաքացիներին, և առհասարակ, որքանո՞վ էր այն հրատապ օրակարգ բերել:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բազմաթիվ մտավորականներ կան, որոնք ապրում են Կենտրոնում և ապրում են թոշակով, հետևաբար՝ այս օրենքը նրանց համար մեծ խնդիրներ է առաջացնելու:
«Ծանոթ եմ Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե քաղաքի կենտրոնում բնակվողները կարող են վաճառել իրենց բնակարանները և այլ հատվածում ապրել: Ես սա համարում եմ ցինիկ վերաբերմունք բավականաչափ լուրջ վաստակ ունեցող մտավորականների հանդեպ, որոնք իրենց տները ժառանգել են իրենց ծնողներից, և հիմա, չունենալով աշխատանք, ստիպված են լինելու բավականաչափ գումարներ վճարել»,- հավելեց նա:
Հաջորդ հարցին՝ տեղեկություններ ունե՞ք՝ «Իմ քայլ»-ից եղե՞լ են պատգամավորներ, որոնք ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկության օրը ներկայացել են ԱԺ՝ իմանալով, որ վարակակիր են, Զոհրաբյանը պատասխանեց, թե իր ունեցած տեղեկությունը հստակ չէ, սակայն երկու պատգամավորներ ձեռնոցով, դիմակով եկել են քվեարկության՝ իմանալով, որ վարակակիր են: Հետևաբար, եթե այդ ամենը համապատասխանում է իրականությանը, ապա նրանց քայլը համարում է ամոթալի:
168.am-ի հաջորդ հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակակիրներ կան նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքում, Զոհրաբյանը պատասախնեց, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ շփում ունի և անձամբ նման տեղեկություններ չունի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում