ՀՀԿ-ի կողից առճակատումներ չեմ տեսել

ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված միջնորդագրին և այն գնահատականներին, թե՝ դա քաղաքական պատվեր է, ասաց. «Ճիշտն ասած, ես չեմ դիտում դա՝ որպես քաղաքական պատվեր: Իրավական հիմքեր կան դիմելու, բայց հետագա այդ հարցի վերջնական որոշումը, իհարկե, իրավապահ մարմինների, դատարանի որոշումն է»:

Հարցին, թե՝ ինչպե՞ս կգնահատեք Վարդան Օսկանյանի երեկվա ելույթը, որտեղ նա որոշակի փաստարկներ էր հնչեցնում, Գ. Նուշիկյանը պատասխանեց. «Նախ` ուզում եմ ասել, որ ես շատ հարգում եմ պարոն Օսկանյանին՝ որպես մարդ: Պարոն Օսկանյանն ավելի շատ քաղաքական գործիչ է, քան տնտեսվարող, ու ինքը կարող է` չիմանալով՝ կատարել ինչ-որ քայլեր, որ կհակասեն օրենքին: Բայց ուզում եմ շեշտել` չիմանալով: Իսկ պարոն Օսկանյանի ելույթը շատ հուզիչ էր, բայց ես այն համոզմանն եմ, որ ճիշտ կլիներ՝ պարոն Օսկանյանը ներկայանար իրավապահ մարմիններին, և հարցն այստեղ չհասներ, այս ամեն ինչը տեղի չունենար, որովհետև այս ամեն ինչն, ընդհանուր առմամբ, շատ տհաճ է, և կարծում եմ, որ պետք էր ավելի շուտ մտածել այն բոլոր փաստարկները ներկայացնելու մասին, ավելի շուտ ներկայացվեր այդ մասին, համագործակցեր իրավապահ մարմիններին հետ: Այդ դեպքում, կարծում եմ՝ հարցը սրան չէր հասնի»:

Գ. Նուշիկյանից նաև հետաքրքրվեցինք` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առճակատում նկատո՞ւմ եք: «Գնահատական տալու համար նախ՝ ես պետք է իմանամ, թե ընդհանրապես ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն: Ոնց որ թե ԲՀԿ-ն չի ասում, թե ինքն ինչ է ուզում: Համենայնդեպս, ՀՀԿ խմբակցության կողմից ես առճակատումներ չեմ տեսել: Նորմալ հարաբերություններ են բոլորի հետ՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ ԲՀԿ գործիչների հետ»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հնարավոր է՝ Վարդան Օսկանյանն առաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Գ.Նուշիկյանն ասաց. «Ես ընդհանրապես շատերի մասին եմ լսել, որ կարող է՝ առաջադրվեն.  Գագիկ Ծառուկյան եմ լսել, Ռոբերտ Քոչարյան եմ լսել, և շատերի մասին եմ լսել: Բայց չեմ կարծում… համենայնդեպս, պարոն Օսկանյանը չի հայտարարել, որ ինքն առաջադրվելու է, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, ով հայտարարել է, որ առաջադրվելու է: Ու քանի դեռ պարոն Օսկանյանը չի հայտարարել`դժվարանում եմ ենթադրություններ և հետևություններ անել»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս